News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին մեկ համերգ կտա Մոսկվայում: «Ես անհամբերությամբ եմ սպասում ռուսո հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանը Հայաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի հետ միասին այն երկրներից է, որտեղ ինձ հատկապես հաճելի է գտնվել»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ազնավուրը:

«Երբեք չեմ մոռանա իմ առաջին համերգները ԽՍՀՄ-ում 1963-ին: Նախատեսված 30 երգերի փոխարեն ես ստիպված եղա երգել մոտ 60 երգ: Ինձ բազմաթիվ անգամ վերադարձնում էին բեմ, ամեն երգից հետո 5 անգամ: Այդ ժամանակ ես սկսեցի փորձարկումներ անել՝ փոխելով կրկնվող երգերի տեմպն ու ռիթմը: Դա ինձ դուր էր գալիս ու շատ գրավիչ էր»,-նշել է շանսոնյեն:

«Ռուսաստանում այս անգամ եւս ես կկատարեմ իմ դասական երգացանկը, չանդրադառնալով նոր երգերիս: Միաժամանակ ես չեմ մոռանում ռուսերենով սկավառակ թողարկելու պլանների մասին: Ես արդեն ունեմ ռուսերեն տեքստեր, բայց դեռ ոչ ոք չի թարգմանել դրանց բովանդակությունը, իսկ ես ուզում եմ դրանք իմանալ՝ նախքան ձայնագրելը: Ես շատ ռուսերեն բառեր գիտեմ, բայց առանձին-առանձին եւ չեմ կարողանում ազատ խոսել ռուսերեն: Ծնողներս հաճախ էին ընտանիքում խոսում ռուսերեն ու թուրքերեն, բայց մեզ այդ լեզուները չեն սովորեցրել»,-խոստովանում է երգիչը:

«Ինչպես գիտեք, իմ նախնիները սերտորեն կապված էին Ռուսաստանին: Իմ հորական պապը Նիկոլայ Երկրորդի ժամանակներում Թիֆլիսի նահանգապետի խոհարարն էր: Հասնելով Ֆրանսիա, եւ պապս եւ հայրս Փարիզի Լատինական թաղամասում ռեստորաններ են բացել ռուսական եւ կովկասյան խոհանոցով: Ես մինչ օրս շատ եմ սիրում ռուսական խոհանոցը՝ կոտլետներ ու բորշչ»,-ասել է Ազնավուրը:

Հարցին, թե ի՞նչ բնավորություն է իրեն բաժին հասել տարբեր էթնիկ համայքներից՝ ֆրանսիական, հայկական, թե ռուսական, Ազնավուրը պատասխանում է. «Կարծում եմ՝ դա յուրաքանչյուր ազգի տարբեր տարրերի խառնուրդ է: Ինչպես բոլոր հայերը, ես շատ բարոյական սկզբունքներ, պարկեշտության նորմեր պահպանող մարդ եմ: Ֆրանսիացիների նման ես սիրում եմ շատախոսել, ռուսների նման սիրում եմ զվարճանալ: Այդ խառնուրդն ինձ ամբողջությամբ բավարարում է կյանքում»,-ընդգծել է երգիչը:

«Ճիշտ է, գիշերները ես նախընտրում եմ չծխել եւ ի տարբերություն նրա, թե ինչ է գրում մամուլը, ես գիշերային ժամերին երգեր չեն հորինում: Լավ առողջություն ունենալու համար գիշերը պետք է քնել: Տեքստեր ես գրում եմ ամեն օր՝ աշխատելով առավոտից մինչեւ կեսօր: Սկզբում միշտ հայտնվում են երգի բառերը, մեղեդին շատ ավելի ուշ է գալիս: Եթե երաժշտությունը չի ստացվում, դիմում եմ կոմպոզիտորներին եւ մենք միասին մշակում ենք երգը: Այսպիսով, բազմաթիվ երգեր են ծնվել իմ քրոջ ամուսնու Ժորժ Կարվարենցի, ինչպես նաեւ հայտնի Ժիլբեր Բեկոյի եւ Միշել Լեգրանի հետ, որի մայրը եւս հայուհի էր»:

«Ես ընդհանուր առմամբ հազար ստեղծագործությունների հեղինակ եմ: Իմ երգերից յոթն, օրինակ, կատարել է Էդիտ Պիաֆը:  Ահա մեր դիմաց նրա դիմանկարն է, որն արվել է այն պահին, երբ կատարում էր «Ակորդեոնահարը» երգը: Սա շատ հազվագյուտ նկար է», - ասում է Շառլ Ազնավուրը:

«Իմ ձայնը տարիների հետ քիչ է փոխվել, նույնն է, պարզապես տարբեր ժամանակահատվածներում ավելի լավ կամ վատ է դառնում», - հավաստիացնում է աշխարհահռչակ երգիչը, ով դուետներով հանդես է եկել ոչ միայն Լայզա Մինելիի, Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Պատրիսիա Կաասի, այլեւ անգամ օպերային երգիչներ Լուչիանո Պավարոտիի եւ Պլասիդո Դոմինգոյի հետ:

Ի՞նչ է անում Շառլ Ազնավուրը, երբ չի երգում եւ երգ չի գրում: Նա շատ ֆիլմեր է դիտում, այդ թվում՝ խորհրդային եւ ռուսական. նա հիանալի տնային կինոթատրոն ունի: Եվ շատ է կարդում:

Նրա տան հարմարավետ սենյակներից մեկը գրադարան է: Դարակներում իր սիրելի ֆրանսիացի հեղինակների գրքերն են, ամենից առաջ՝ Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Անրի Թրուայայինը, որը հիանալի է գրել Ռուսաստանի մասին եւ արմատներով էլ սերում է լեռնահայերից: Սիրված հեղինակների շարքում նաեւ ռուս դասականներից են, մասնավորապես՝ Տուրգենեւը: Քիչ չեն բանաստեղծները (Մյուսե) եւ բանաստեղծ-երգահանները  (Բրասենս, Ֆերրե): Դարակներում Բալզակի, Դյումայի, Սիմենոնի, Դոդեի բոլոր հատորներն են, գեներալ դը Գոլի ելույթները, արեւմտյան լավագույն վեպերի հեղինակները, մասնավորապես Ջոն Դոս Պասոսը:

 «Շատ եմ սիրում կարդալ, ես լավ գրականության հիմքի վրա եմ մեծացել,- ասում է Ազնավուրը,- ինքս էլ ներկայումս վեպ եմ գրում, որը նվիրված է... տառերին եւ տառատեսակներին: Գաղափարը շատ ինքնատիպ է: Բայց պետք է խոստովանեմ՝ գրական ստեղծագործություններ գրելը բոլորովին նման չէ երգ գրելուն: Վեպ գրելը շատ ավելի ծանր աշխատանք է, քան երգը: Բառերն ու ռիթմերը, համենայնդեպս ինձ համար, շատ ավելի արագ են ծնվում: Բայց ես շարունակում եմ սկսածս աշխատանքը՝ ինձ սփոփելով, որ պրոֆեսիոնալ գրականագետների համար էլ վեպ գրելուց շատ ավելի բարդ կլիներ երգ գրելը», - ծիծաղում է Ազնավուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ