Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռուբինյաց 11, 13, 15 շենքերի մի քանի տասնյակ բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վաղ առավոտից հավաքվել են շենքերի բակում, որպեսզի խոչընդոտեն այնտեղ իրականացվող դեղատան շինարարությունը։
Բնակիչները NEWS.am-ին բողոքեցին, որ քաղաքապետարանը կառուցապատողին շինթույլտվություն է տվել հենց այն տարածքում, որտեղով անցնում են մեքենաները իրենց շենքերի բակ մտնող մեքենաները։
«Տարոն Մարգարյան, մենք Ձեզ ընտրել ենք, որ Դուք մեր ժողովրդի շահերը պաշտպանեք, մեզ մեջք լինեք, էս ի՞նչ եք անում, մի հատ նայեք, թե ինչ տարածք եք ծախել, փոխանակ կանաչապատման մասին մտածեն, նման տարածքներում շինթույլտվություն են տալիս, մնում է՝ մեկ մեքենայի ճանապարհ, իսկ հրշեջ մեքենաները չեն անցնում։ Մենք հանրապետական ենք ընտրել, մենք Տարոն ենք ընտրել, որ մեզ վրա իզդեվատսա լինե՞ն։ Ձմռանն էստեղ սառում ա, չենք կարողանա անցնել»,- մեզ հետ զրույցում ասաց բնակչուհի Գայանե Աթաբեկյանը։
Բնակիչները առավոտյան են նկատել շինտեխնիկան եւ անմիջապես իրենց մեքենաները կանգնեցրել ճանապարհին, որ շինտեխնիկական չկարողանա հասնել շինհրապարակ։
Այժմ տեխնիկան կանգնած է շենքի բակում։ Այստեղ են նաեւ մի քանի ոստիկաններ։ Քաղաքապետարանից շինարարության թույլտվություն ստացած Արմեն Հարությունյանը նույնպես այստեղ է, որը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմանում։ Նա վստահեցրեց, որ ճանապարհից միայն չորս մետրն են օգտագործելու, եւ մեքենաների համար ճանապարհը չի փակվելու։
Մեր թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ բնակիչների եւ կառուցապատողի միջեւ վեճ սկսվեց, որը շարունակվեց փոխադարձ վիրավորանքներով, ստիպված եղան միջամտել ոստիկանները:
«Էնպես չանեք՝ էքսկավատորը քշի ձեր ավտոների վրա»,- սպառնաց Արմեն Հարությունյանը, իսկ բնակիչներն էլ հակադարձեցին. «Մի հատ փորձեք, բենզինը կլցնենք ավտոյի վրա, կվառենք»։
Նշենք, որ այդ ընթացքում նշված տարածք ժամանեցին քաղաքապետարանի Քաղաքաշինության վարչության աշխատակիցները, որոնք տեսնելով, որ կառուցապատողի մոտ բոլոր փաստաթղթերը նորմալ են, հեռացան:
Իսկ բնակիչները կառուցապատողի հետ համաձայնության եկան, որ մինչեւ շաբաթ օրը կասեցման որոշումը կբերեն. եթե չբերեն, շինարարությունը կշարունակվի: