News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը համոզված է, որ երեխաների նկտամամբ կիրառված բռնությունների եւ հնչեցրած սպառնալիքների գործը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը, որովհետեւ այս ամենի «հետեւում» կանգնած է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը:

«Պարզ է, որ Կոտայքի քննչականը չի կարող փոխնախարարին կանչել հարցաքննության, այդ պատճառով մենք դիմել ենք գլխավոր դատախազին, որ նա գործն ուղարկի ՀՔԾ, բայց դեռ նորություն չկա: Մենք առաջիկայում պատրաստվում ենք բողոքարկել գործով քննիչների եւ դատախազի անգործությունը, որովհետեւ այս ամիսների ընթացքում ոչինչ չի արվել: Մտավախություն ունենք, որ ցանկանում են գործը կարճել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ առայսօր ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի հարցաքննվել, իսկ գործով քննիչն էլ փոխվել է:

Հարցին՝ արդյոք գիշերօթիկ դպրոցում կատարված չարաշահումների համար խիստ նկատողություն ստացած http://news.am/arm/news/207341.html՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելը որեւէ կապ ունի այս գործի հետ՝ փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ այստեղ գլխավոր դերակատարը հենց Ֆիլարետ Բերիկյանն է, Լալա Ղազարյանը կապ չունի այս ամենի հետ»:

Նշենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարվածի վերաբերյալ գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Մինչեւ հիմա ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, սակայն աշխատանքից հեռացվել է տնօրենը, իսկ սոցապնախարարության երկու աշխատակիցներ զգուշացվել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

Տպել
Ամենաշատ