Չնայած Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար, Դաշինքը դեռեւս միասնական ռազմավարություն չունի տարածաշրջանում: Այս -մասին սեպտեմբերի 17-ին կայացած «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նա հիշեցրեց, որ դեռեւս 2010 թվականին ՆԱՏՕ-ի Ռազմավարական հայեցակարգում Կովկասում առկա մի շարք սպառնալիքներ էին նշվում. զանգվածային ոչնչացման զենքի տարածում, ահաբեկչություն, հակամարտությունների առկայություն, ինչը կարող է սպառնալիք դառնալ ՆԱՏՕ-ի սահմանների համար, սահմանափակ ռեսուրսներ եւ ավանդական սպառնալիքներ: «Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը տարածաշրջանում հիմնավորվում է ոչ այնքան նշված սպառնալիքներին ուղղակի դիմակայությամբ, որքան տարածաշրջանային երկրների՝ միջազգային անվտանգության գործում ներդրմամբ»,- նշեց Կորյուն Նահապետյանը:
Ինչ վերաբերում է գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությանը եւ կարծիքին, թե Բաքուն մտադիր էր ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության անհրաժեշտությունը՝ որպես կառույցի, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, պատգամավորն ընդգծեց. «Կարծում եմ՝ նրանց այդ չհաջողվեց»:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կայացավ սեպտեմբերի 4-5-ը, Ուելսում: