Պատմության ամբողջ ընթացքում հայկական եկեղեցին կարեւոր նշանակություն է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Հենց այստեղ են մարդիկ հավաքվում Պատարագների օրերին, հանդիպումներ, հասարակական միջոցառումներ անցկացնում, որպեսզի կիսեն իրենց հավատը, հարուստ մշակույթը եւ պահպանեն իրենց հայկական ինքնությունը: Եկեղեցին եղել եւ մինչեւ հիմա շարունակում է մնալ հասարակության հոգեւոր եւ մշակույթի տունը: Նույն կերպ հայերի տունն է նաեւ հայկական Սուրբ Սահակ եկեղեցին:
Եկեղեցում առաջին Պատարագն անցկացվել է 2001 թվականին, այնուհետեւ՝ երեք ամիսը մեկ անգամ եւ, վերջապես, ամեն շաբաթ: 2012 թվականին եկեղեցու հոգեւոր հովիվ է նշանակվել հայր Թադեւոս Բարսեղյանը:
Մինեսոտայի հայկական համայնքն այնքան էլ բազմամարդ չէ: Դա նվիրյալ մարդկանց մի խումբ է, ովքեր շատ են աշխատում հանուն եկեղեցու եւ հայկական համայնքի:
Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տոնին, Սենթ Փոլ քաղաքի Սուրբ Սահակ եկեղեցում տեղի է ունեցել հայկական առաջին փառատոնը, որին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչները եւ նահանգի այլ բնակիչներ: Փառատոնի հիմնական նպատակն էր՝ ամրապնդել հայ համայնքն ու կիսել հայկական մշակույթն ու ավանդույթները:
Փառատոնը հսկայական հաջողություն է ունեցել եւ հայր Թադեւոսը հույս ունի, որ այսուհետ այնտեղ պարբերաբար կանցկացվի Խաչվերացի տոնը: «Փառատոնն առաջին անգամ է անցկացվում, բայց ցանկանում ենք, որ այն ամենամյա դառնա»,- նշել է հոգեւորականը:
Հայ համայնքի ավելի քան 40 անդամներն իրենց ժամանակն ու տաղանդը չեն խնայել՝ միջոցառման կազմակերպմանն օժանդակելու համար: Ավելի քան 250 մարդ է մասնակցել փառատոնին եւ վայելել կիրառական արվեստի գործերի ցուցահանդեսը, ուտեստներն ու շնորհանդեսները: Ներկաները հնարավորություն են ունեցել տեսնել, թե ինչպես են լավաշ թխում, վայելել են հայկական պարերը եւ ավելի շատ տեղեկանալ հայկական եկեղեցու եւ Հայաստանի պատմության մասին: Բացի այդ, կազմակերպվել է նաեւ ոսկերչական փառատոն, երեխաների աշխատանքների ցուցահանդես: Այցելուները նաեւ հնարավորություն են ունեցել գնել եւ համտեսել հայկական խոհանոցի ուտեստները: