News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատկերասրահի տնօրենը:

Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե գնում է կենսաթոշակի: Փարավոն Միրզոյանն ասաց, որ իր 65-ամյակը լրանում է դեկտեմբերին, իսկ պաշտոնից հեռանալու մասին իրեն ոչինչ չեն հայտնել:

«Այդ ամենը չի համապատասխանում իրականութանը, սուտ ինֆորմացիաներ են կա նախարարություն, կա կառավարություն, ոնց որոշեն, հարց չկա»,-ասաց Փարավոն Միրզոյանը:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե «Հայաստանի ազգային պատկերասրահը կարող է նոր տնօրեն ունենալ: Գործող տնօրենի՝ Փարավոն Միրզոյանի պաշտոնավարումը բավականին սկանդալային ստացվեց: Նա հայտնվեց ոչ միայն մամուլի, այլև ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք. խոսքն այն մասին է, որ Փարավոնն առանց հայտարարագիր ներկայացնելու, այսինքն՝ մաքսնանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 1727 կգ նկարներ և քանդակներ, բայց «բռնվել» է և տուգանվել 50 հազար դրամով: Հիշեցնենք նաև, որ, ըստ որոշ հրապարակումների, Փարավոնը յուրացրել է ուրիշին պատկանող և պատկերասրահին ի պահ տրված գեղանկարները: Կոնկրետ 2010թ. Հայաստանի ազգային պատկերասրահից անհետացել էր 19-րդ դարի անհայտ քանդակագործի «Այծեմարդը սրինգով» քանդակը, հետո պարզվել էր, որ նույն ճակատագրին է արժանացել ևս տասն արձան: Փարավոնի անվան հետ էր կապվում նաև Ազգային պատկերասրահում ինչ-որ ֆիլմի նկարահանումներին հետևած գինարբուքը, երբ բաց էին մնացել ջրի ծորակները, և ջուրն անարգել հոսել էր ներքևի հարկեր՝ շարքից հանելով 5 նկար և 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան: Պատճառված վնասը մասնագետները գնահատում էին մի քանի միլիոն դոլար:

Չնայած այսքան աղմկալի պատմություններին՝ Փարավոնը շարունակում էր մնալ «իր բուրգի» տերուտիրականը: Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով հումորով են վերաբերվել նրա փարավոնական չարաճճիություններին: Ինչ արել՝ արել է, «մեր Ֆառիկն է»՝ մտածել են, հավանաբար՝ «արվեստի» հանդեպ սիրուց դրդված: Եվ միայն հիմա՝ կենսաթոշակային տարիքը հատելու առթիվ, իշխանությունները որոշել են նրան ուղարկել վաստակած հանգստի:

Տպել
Ամենաշատ