News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վաղ առավոտից հավաքվել էին Երեւանի Սայաթ-Նովա փողոցի «Արցախբանկի» մոտ, ինչի պատճառով մոտ մեկ ժամ բանկի աշխատանքը խափանված էր:

«Արցախբանկի» ներկայացուցիչները նրանց խնդրեցին բանկի մուտքից հեռու գնալ, նրանցից չորսին հրավիրելով բան՝ խնդրի մասին խոսելու: Մյուսները, սակայն, ամբողջ բանակցության ընթացքում չհեռացան բանկի մուտքի մոտից՝ թույլ չտալով, որ քաղաքացիները մտնեն բանկ։

Մոտ մեկուկես ժամ հետո պատվիրակության չորս անդամները վերադարձան եւ մյուսներին հայտնեցին, որ սեպտեմբերի 25-ին Արցախից Հայաստան կժամանի բանկի կառավարիչը՝ Կամո Ներսիսյանը, եւ կհանդիպի բնակիչների հետ:

«Էլի սուտ են ասում, ոչ մի փոփոխություն էլ չի լինի, էլի խաբեցին, ժամանակ են ձգձգում, ոչ մի կոպեկ էլ չենք ավելացնելու մեր բնակարանների համար»,-ասացին վրդովված բնակիչները:

Հուսահատված բնակիչները դիմեցին այդ պահին «Արցախբանկի» կողքով անցնող Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, խնդրեցին, որ վերջինն իրենց պարզաբանի, թե ով է պատասխանատու, երբ մասնավոր ընկերությունը խաբում է  քաղաքացիներին:

«Մասնավորին առաջին հերթին կառավարությունը պիտի հսկի, բայց, ցավոք սրտի, տեսնում եք՝ ինչ վիճակ է: Ձեր դեպքում, դուք պիտի մասնավորին դատի տայիք»,-ասաց Արամ Սարգսյանը։

Արամ Սարգսյանը բնակիչներին ասաց, որ 1 ժամից մոտենան իր գրասենյակ, ինքը նրանց խորհրդատվություն կտրամադրի, նաեւ առաջարկեց դիմել Եվրոպական դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:

«Ես կոպեկ չունեմ տալու: Եթե ինձ իմ գումարը հետ վերադարձնեն, իրանց ասած 14 տոկոսն էլ վրեն դրած՝ 114 տոկոս, պլյուս 6 տարվա բարոյական վնասը, թող ինձ վերադարձնեն, գումարս կվերցնեմ, թե չէ ոչ մի կոպեկ էլ չեմ ավելացնի, ոնց իրանք են խաբում, նենց էլ ես եմ փոշմանել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանուշակ Մկրտչյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին «Տոնուս» ՍՊԸ-ից  խաբված բնակիչներին հաջողվել էր զրուցել նախագահի հետ, որը նրանց խոստացել էր զբաղվել խնդրով, սակայն բնակիչների խոսքով, որեւէ ի տեղաշարժ իրենց խնդրում դեռ չկա:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մայիսին «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանը հանդիպել էր բնակիչների հետ, պայմանավորվել նրանց հետ մեկ ամսվա ընթացքում կնքել պայմանագրեր հետեւյալ պայմաններով՝ կամ բանկը վերադարձնում է նրանց վճարած ամբողջ գումարը՝ պահելով գումարի 14 %-ը, կամ բնակիչները յուրաքանչյուր քմ-ի համար ավելացնում են 80 դոլար եւ ստաոնում իրենց բնակարանները։ Բանկի բաժնետերը նախատեսում էր շենքում շինարարական աշխատանքներն արագ ավարտին հասցնել եւ մինչեւ հունվար բնակարանամուտ տոնել, սակայն մինչեւ հիմա պայմանագրերը չեն կնքվել, շենքի շինարարությունն էլ չի սկսվել:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ականա նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նորակառույց եւ կիսակառույց երկու շենքերիի բնակարանները վաճառել էր քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ էր ճանաչվել, «Արցախբանկը» տիրացել էր բնակարաններին,  իսկ քաղաքացիները մնացել ձեռնունայն:

Տպել
Ամենաշատ