News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


1992-1994 թթ. Գորիսի քաղաքապետ, Արցախյան պատերազմի ընթացքում տարաշրջանային ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը կոչով դիմում է բոլոր սյունեցիներին, որպեսզի նրանք ընդվզեն եւ թույլ չտան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) վերանշանակումը նույն պաշտոնում:

«Ընդվզի՛ր Սյունիք, որ ընդմիշտ վերանա լիսկայական զուլումը: Արժանապատվությունը վեր դասող սյունեցի եղբայրներ, զավակներ, քույրեր, վերջապես պահն է արթնացումի եւ ընդվզումի: Ապացուցենք, որ ոչ թե Հայաստանի կործանարար ընթացքի մեղավոր ռեժիմի վայրի կամայականությունների առաջ կքած ու համրացած ամբոխ ենք, այլ ազատատենչ, ըմբոստ ժողովուրդ»,- NEWS.am-ի միջոցով իր ուղերձը փոխանցեց Սամվել Հարությունյանը:

Սամվել Հարությունյանը սյունեցիներին կոչ է անում համախմբվել եւ իրենց բնակավայրերում սկսել բողոքի ակցիաներ:

«Ուստի հանուն մայր Հայաստանում մեր արժանապատիվ կյանքի իրավունքի սպանենք ահ ու սարսափի մեզ անհարիր զգացումը, զոռբայության, անարդարության, անբարոյականության, ստրկամտության դեմ վճռականորեն բռունցվենք մեր բնակավայրերի հրապարակներում, բողոքի հուժկու գործողություններով պատմության աղբանոցը նետենք Սյունյաց ճակատին պարտադրված անարգանքի խարանը եւ վերջակետ դնենք արծվաբերդ Սյունիքը ամոթալի լիսկայանոց դարձնելու թրքահաճո ընթացքին»,- կոչ է անում նախկին քաղաքապետը։

Սամվել Հարությունյանը առանձահատուկ դիմեց սյունեցի ուսանողներին՝ դառնալ պայքարի շարժիչ ուժը:

«Բուդաղյան եղբայրների գնդակահարության, հարյուրավոր այլ ոճիրների հեղինակ Լիսկայի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակումը բացառելու, նրան ու իր հանցակիցներին կալանավորելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջներով անհապաղ սկսեք դասադուլ, մինչեւ ձեր պահանջների լիակատար բավարարում: Հայկյան հրեղեն ոգով լիցքավորվենք եւ անմնացորդ լիսկաթափենք Սյունյաց դրախտային աշխարհը»,-ասում է նախկին քաղաքապետը:

Սամվել Հարությունյանը կարծում է, որ Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի օգտին սկսված ստորագրահավաքը  եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հրապարակած հարցման տվյալները վկայում են այն մասին, որ շուտով Սուրիկ Խաչատրյանը նշանակվելու է մարզպետի պաշտոնում:

«Իջեցված հրահանգով մեկնարկած սյունյաց կռապաշտ համայնքապետերի, խամաճիկ այլ պաշտոնյաների աղերսագիր ստորագրահավաքը եւ ահարոնադիբեկյանական տխրահռչակ հարցումը հաստատում են, որ մեր անտարբերության, լռության եւ հնազանդության պարագայում շուտով կվերակարգվի Սյունիքում մարզպան, անսովոր ոճրագործ Լիսկան»:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել էր մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, մինչեւ այժմ Սյունիքում մարզպետ չի նշանակվել: Հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է Սուրիկ Խաչատրյանի անունը:

Տպել
Ամենաշատ