News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Դուք չե՞ք հավատում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին:

Եթե հոկտեմբերի 10-ին փաստաթուղթը ստորագրվի, դառնալու է դատավճիռ Հայաստանի ոչ միայն այսօրվա քաղաքացիների, այլեւ ապագա սերնդի համար: Իհարկե, այդ գործընթացն անդառնալի չէ, անպայման որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն, բայց այդ ընթացքում մենք լուրջ կորուստներ ենք ունենալու՝ քաղաքական, տնտեսական ու վարկանիշային: Մեզ, հասկանալով հանդերձ մեր բոլոր պրոբլեմները, հուսալի եւ կանխատեսելի գործընկեր չեն համարելու դեռ տեւական ժամանակ: Իսկ ԵՏՄ-ի հեռանկարների մասին, հիշեք, թե ինչ ելույթներ էին ունենում Մաքսային միության հիմնադիր երկրների նախագահները մեկ տարի առաջ՝ այդ միության փաստաթուղթը ստորագրելիս, այսօր արդեն նրանք իրար մեղադրում են նախկինում պետություն չունենալու, տարածքային հավակնությունների, միմյանց հաշվին տնտեսական շահույթ հետապնդելու, քաղաքական վարկանիշ բարձրացնելու քայլերի մեջ: Ընդամենը մեկ տարի, ու դեռ անկառույց կառույցն արդեն ինքն իրեն վարկաբեկում է, ոչ միայն նախկին պաթոսը չկա, այլեւ տնտեսական արդյունավետությունն է կասկածի տակ: Առավել եւս Ուկրաինայի իրադարձություններից հետո, երբ միջազգային հանրությունը պատժամիջոցներ սկսեց կիրառել ՌԴ-ի դեմ, այդ կառույցում ընդգրկվելը ոչ միայն սխալ է, այլեւ անթույլատրելի: Ճիշտ կլինի, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ թե հույսները դնեն Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի դեմ լինելու վրա, այլ իրենք քաղաքական կամք ցուցաբերեն եւ հրաժարվեն անդամակցությունից: Բանակցվող համաձայնագրում տասնյակ պատճառներ կան, իսկ ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի հարցն է, որ հիմնավոր պատճառ է անդամակցության գործընթացը հետաձգելու, հետո էլ կասեցնելու համար: Դրանով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն մանեւրի տարածք, այլեւ իսկապես ճկուն եւ իր համար շահավետ քաղաքականություն վարելու հնարավորություն:

Քառյակի 12 կետերը Հայաստանի քաղաքական օրակարգին ադեկվատ համարո՞ւմ եք: Ինչո՞ւ նրանք համառորեն շրջանցում են Հայաստանի ապագայի ընտրության ամենաէական հարցը, փոխարենը շեշտադրում են կարմիր գծերն ու բերքատվության ծավալները:

Քառյակի ուժերի տեսակետները քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ բացահայտորեն ոչ միայն տարբեր են, այլեւ հակառակ: Իմ տպավորությամբ՝ քառյակը կառավարվում է ինչ-որ մեկի կողմից, որ տարբեր միջնորդների (ենթադրենք, տարատեսակ սմբատկարախանյանների, ռոբերտքոչարյանների, արաաբրահամյանների) միջոցով ուղղորդում եւ հորդորում է չորսին էլ միասնական լինել, որպեսզի համապատասխան իրավիճակներում այդ քաղաքական ուժերին օգտագործի իր սեփական ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար: Հակառակ դեպքում՝ ծանոթ լինելով քառյակում գտնվող ուժերի վերաբերմունքին միմյանց հանդեպ, խորապես կասկածում եմ, որ առանց դրդապատճառի համագործակցեին: Ի վերջո ակնհայտ է, որ քառյակը ԲՀԿ-ն է, որին ես քաղաքական ուժ չեմ համարում, այլ ի սկզբանե բիզնես-նախագիծ, իսկ նրա շուրջը համախմբված միավորները իրենց գործունեությամբ գնացին հենց այն ճանապարհով, որ գծել էին ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները, այսինքն՝ քաղաքական դաշտում ազդեցություն ու լծակներ կարող է ունենալ այն ուժը, որն ունի վարչական ռեսուրսներ ու ֆինանսական միջոցներ: Եվ այդ երկու միջոցների գործադրմամբ կարող է գնել քվեարկողների ձայները: Արդյունքում ստացվեց, որ հանձինս քառյակի երեք ուժերի՝ Հայաստանում գործում է երկու կուսակցություն, եւ ՀՀԿ-ից ազատվելու միակ ու անփոխարինելի տարբերակը ԲՀԿ-ն է: Վատի ու շատ վատի միջեւ ընտրության ավելի վատ տարբերակ հնարավոր չէր հնարել, եւ քաղաքական դաշտին ավելի մեծ վատություն անելու ձեւ չկար: Այսօր հասարակության հիմնական մասը հենց այդ պատճառով է հիասթափված քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ