News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան), նա Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արեւելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ  Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Նախիջեւանում եւ Ադրբեջանի ողջ տարածքում հայկական մշակույթի ոչնչացման թեմային՝ նշելով, որ դա այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականին չարժանացավ։

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը.

«Բարձրաստիճա՛ն հոգեւոր հայրեր,

Հարգելի՛ հյուրեր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ուշադիր եւ անխոս դիտեցի այս բացառիկ ցուցահանդեսի յուրաքանչյուր ցուցանմուշը: Այս պահին էլ ես այդ այրող ազդեցության տակ եմ: Եթե ինձ ելույթով հանդես գալու պատիվն ընձեռված չլիներ, գուցե եւ դեռ երկար կլռեի: Դիտածս լուսանկարների պես: Պատմելով այս ցուցահանդեսի մասին՝ մեր դեսպանն այն բնորոշում էր որպես լուռ ճիչ. ճիչ Քրիստոնեության հայրենիք Միջին Արեւելքում Քրիստոնեության կրած ու դեռ կրելիք հարվածների մասին: Այո՛, լուռ ճիչ. շատ դիպուկ է ասված:

Կարծում եմ` այսօր այս սրահում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Արդյո՞ք ամեն ինչը ճիշտ ենք անում:

Արդյո՞ք այս ամենը մեր նախկին չարած քայլերի կամ կիսաքայլերի հետեւանքը չէ:

Արդյո՞ք միշտ եւ ամենուր հավուր պատշաճի գնահատականներ ենք տվել արմատից մերժման ենթակա իրողություններին` դրանց կրկնությունները բացառելու համար:

Արդյո՞ք հանդուրժողականության եւ համակեցության խրախուսման մեր ջանքերում մենք միշտ եւ բավարար կամային ենք եղել:

Արդյո՞ք միահամուռ ենք այլատյացության ու մոլեռանդության ցանկացած դրսեւորման դեմ:

Չգիտեմ. չունեմ այս եւ այս դահլիճում ցուցադրվող լուսանկարներից հորդող մյուս բոլոր հարցերի համապարփակ պատասխանները:

Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը եւ նմանօրինակ մյուս բոլոր երեւույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:

Միայն մեկը կասեմ: Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի եւ հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջեւանի եւ Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսեւորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը: Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները եւ պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջեւանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը:

Ուրեմն այս ցուցահանդեսը լռելու կամ թեւաթափ լինելու մասին չէ: Ճիշտ հակառակը: Համախմբվելու ու կրկնակի եռանդով գործելու անհրաժեշտության մասին է: Վստահ եմ՝ այս ցուցահանդեսի հակառակ ուղերձը պարունակող ցուցահանդես էլ այսօր կարող ենք հավաքել: Այն մասին, թե ինչպես է, ասենք, Լիբանանը՝ լուռ, առանց բարձր հնչեցումների ընդունում, պատսպարում, պաշտպանում ու կեցություն ապահովում միլիոնավոր քրիստոնյաների համար: Շնորհակալության ցուցահանդես կարող է լինել դա, իհարկե:

Մի բան հաստատ է. հանդուրժողականության, այդ թվում եւ կրոնական հանդուրժողականության արմատավորման համար մենք պահ անգամ հապաղելու իրավունքը չունենք: Անհստակ լինելու իրավունքը չունենք. արդյունքները մենք տեսնում ենք լուսանկարներում:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այսօր ապրողներս անմիջականորեն պատասխանատու ենք ապագայի ու անցյալի կապի անխախտելիության համար: Մեր արժեքների հարատեւության համար:

Ժամանակակից աշխարհը գլխապտույտ արագությամբ դեպի ապագա է սլանում: Տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից հանճարներն անընդհատ մոտեցնում են ապագան. այսօր, օրինակ, բոլորս կարող ենք գերորակյալ տեսագրություններ դիտել հենց մեր հեռախոսների էկրանների վրա: Այո՛, ժամանակակից ինժեներներն իրենց գործը փայլուն են անում: Իսկ մե՞նք: Մենք բոլորս, որ պատասխանատու ենք ամեն ժամանակակիցը մեր արժեքային համակարգով ամրապնդելու համար: Միթե՞ ստեղծողներն այդ հեռախոսները չեն մշակել նրա համար, որ մարդիկ մշտապես կարողանան երջանկության պահեր վերապրել՝ ասենք, իրենց զավակների մկրտության արարողության կամ առաջին քայլերի տեսագրությունները պարբերաբար վերադիտելով: Եթե այո, ապա ինչու՞ այս օրերին այդքան հաճախ են այդ հեռախոսներն օգտագործվում գլխատվող քրիստոնյա լրագրողների մասին ահասարսուռ կադրերը դիտելու համար: Ինչու՞ նման տեսարանները մեր օրերում դեռ հնարավոր են: Այստեղ խզում կա, համաձայն չե՞ք. ժամանակների, արժեքների ու գործադրվող ջանքերի միջեւ գոյություն ունեցող խզում:

Նավթագործները մեր օրերում աշխարհամասեր են կապում գերժամանակակից խողովակաշարերով՝ փոքրացնելով տարածությունն ու ժամանակը: Իսկ մե՞նք... մենք՝ բոլորս, որ պարտավոր ենք հոգ տանել բնական ռեսուրսները խաղաղությանը, զարգացմանը, հանդուժողականությանն ու համակեցությանը ծառայեցնելու համար, արդյո՞ք համաչափ հետեւողական ենք մեր պարտականություններում: Կարողանու՞մ ենք նավթամուղների խողովակների վրայո՛վ նայել եւ հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարեւանին: Պարտավո՛ր ենք անել՝ ապագա այսօրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար:

Հարգարժա՛ն հյուրեր,

Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ եւ միարժեք:

Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն եւ չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի եւ բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության եւ հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին։

Լիահույս եմ, որ կրոնների համերաշխությանն ու հանդուրժողականությանը միտված քրիստոնեական ուղերձն ի վերջո կգերիշխի, եւ հավատը, հույսն ու սերը զորավիգ կլինեն մեզ՝ պաշտպանելու մեր արժեքները եւ պաշտպանելու արդարությունը:

Աստված բոլորիս պահապան:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ