News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, հոգեւոր հայրեր,

տիկնա՛յք եւ պարոնա՛յք

Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին եւ համայնքային պատվիրակներին:

Ուրախ եմ նաեւ, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին կրկին գնահատելու եւ արժեւորելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան, հստակեցնելու առաջնահերթությունները, ինչպես նաեւ մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:

Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները:

Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծմանը միտված մեր հաստատակամությամբ:

Հայաստանն ուժեղ է ու անպարտելի իր երկու թեւերի եւ միասնական Սփյուռքի շնորհիվ: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը: Վստահ եմ, որ նույն կերպ դուք էլ ընկալում եք Հայաստանի Հանրապետությունը՝ ձեր անկախ ու ազատ Հայրենիքը: Մենք չունենք եւ չենք կարող ունենալ առանձին հատվածական շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, իսկ մեր գործողությունները պետք է լինեն համաձայնեցված եւ փոխլրացնող:

Կարեւորելով Հայաստան – Սփյուռք համագործակցությունը՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծեց Սփյուռքի նախարարություն, որով սկսվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման որակապես նոր փուլ: Ուրախալի է, որ անցած տարիների ընթացքում նախարարությանը հաջողվել է գործընկերային կապեր հաստատել Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս, եւ այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը եւ մասնակիցների թվի շարունակական ավելացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ