News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեր երկրում տակավին առկա են անկատարություններ, անարդարության դրսեւորումներ, զանցանքներ ու հանցանքներ, որոնք, սակայն, չպիտի ստվերեն մեր հայրենասիրությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Գարեգին Բ-ն, մասնավորապես, ասել է.

«Ուրախ է Մեր հոգին, որ աշխարհասփյուռ մեր համայնքներից, Արցախից ու Հայաստանից վերստին համախմբվել եք` միասնաբար, պատրաստակամ ու հանձնառության ոգով քննության առնելու մեր կյանքի հրատապ խնդիրները, որոնք անհրաժեշտ ուշադության եւ վճիռների կարիքն ունեն ինչպես Հայրենիքում, այնպես եւ` Սփյուռքում: Նույն տեսիլքն ունենք` պաշտպանված ու զորեղ, բարօր ու զարգացող դարձնել մեր Հայրենիքը եւ ապահով, շեն ու կենսունակ պահել Սփյուռքը:

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը, սահմանամերձ բնակավայրերի տեւական գնդակոծությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է մեր երկրի խաղաղությունը: Մեր Հայրենիքի ու ժողովրդի ապահով ու խաղաղ կյանքին սպառնացող վտանգը կրկին եւ առավել շեշտում է մեր համախմբված ու միաբան լինելու անհրաժեշտությունը:

Հիրավի, մեր երկրում տակավին առկա են անկատարություններ, անարդարության դրսեւորումներ, զանցանքներ ու հանցանքներ, որոնք, սակայն, չպիտի ստվերեն մեր հայրենասիրությունը եւ Մայր Հայրենիքի հանդեպ որդիական սերն ու հավատարմությունը, այլ առավել մղեն մեզ մեր ազգն ու պետությունը զորացնելու նախանձախնդրության ու միասնական ջանքերի: Այս վստահությամբ ենք Մեր խոսքն ուղղում ձեզ, սիրելի ներկաներ:

Մեր այս հավաքը կարեւորվում է նաեւ նրանով, որ գումարվել է նախօրյակին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, որը ազդակ պիտի դարձնենք մեր ժողովրդի կյանքում հոգեւոր մեր արժեքների անխաթարության եւ ազգային ինքնության գիտակցության զորացման, միասնականության եւ լուսավոր մեր գալիքը կերտելու կամքի ու լավատեսության ամրապնդման:

Այս նպատակին պետք է ուղղվեն պետական, եկեղեցական, ազգային, անհատական մեր անմնացորդ ու ամբողջական ջանքերը, ուժերն ու ծրագրերը, որոնցում դուք նույնպես ունեք անմիջական մասնակցություն:

Մեզ բոլորիս քաջալերում է այն իրողությունը, որ վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ երկրներ, պետական կառույցներ եւ կրոնական ու հասարակական կազմակերպություններ ճանաչել են եւ շարունակում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` գիտակցելով, որ հայ ժողովրդի նկատմամբ արդարության իրագործումը էական է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման համար:

Այսօր` աշխարհայնացման ընթացքների, այլակարծությամբ սքողված կեղծ ու սին գաղափարների առկայության պայմաններում անհրաժեշտ է, որ զորացնենք նաեւ մեր խնամքն ու ջանքերը` Սփյուռքում եւ Հայրենիքում մեր զավակներին հայրենյաց ավանդներով կրթելու համար, որպեսզի ապրեն ազգային ջերմ ու կենդանի զգացումով, ազգի, Հայրենիքի սիրով եւ ընթանան հավատքով, ամուր կանգնած` փրկության հույսի ու հավիտենական կյանքի ուղիներում:

Ազգային մեր կյանքի մտահոգություններից են շարունակում մնալ հակամարտության իրավիճակներում հայտնված մեր ժողովրդի զավակաց խնդիրները: Տագնապահարույց է իրավիճակը Մերձավորարեւելյան տարածաշրջանում, պատերազմական դրություն է Ուկրաինայում, որտեղ ունենք հայկական համայնքներ:

Հատկապես Իրաքում եւ Սիրիայում իսլամիստների բռնություններն ու ահաբեկչական գործողությունները սպառնալիք են դառնում խաղաղ բնակչության, նաեւ` քրիստոնեական, այդ թվում հայ համայնքների համար՝ ստիպելով լքել իրենց բնակավայրերը: Սիրիայում հակամարտության բռնկման առաջին օրերից հորդորել ենք Սփյուռքի մեր Թեմակալներին հնարավոր բոլոր միջոցները գործադրելու` պետական, դիվանագիտական, միջազգային, էկումենիկ, իրավապաշտպան կառույցների եւ կազմակերպությունների առջեւ բարձրաձայնելու խնդիրը, որպեսզի անհրաժեշտ քայլերի ձեռնարկումով տեղահանված ազգաբնակչությունը հնարավորինս շուտ կարողանա վերադառնալ սեփական օջախները եւ շարունակել իր խաղաղ կյանքը:

Միաժամանակ կոչ ենք ուղղել` առավել ջանքեր ներդնել եւ քաջալերել հավատացյալ հայորդիներին` բարոյական ու նյութական աջակցությամբ սատարելու իրենց քույրերին ու եղբայրներին, որպեսզի հաղթահարեն փորձությունները, ինչպես նաեւ իրականացրել ենք Մայր Աթոռի ծրագրերը` օգնելով տուժած համայնքներին, Հայրենիք ներգաղթած հայորդիներին:

Սիրելիներ, եղբայրսիրության, հայրենասիրության ու միաբանության ոգին, խաղաղասիրության, արդարության ու ճշմարտության արժեքները մեր հոգուն միշտ զորություն են տալու, մեր բազկին` ուժ եւ մտքին իմաստություն: Այդ արժեքներով պիտի շենացնենք մեր Հայրենիքը, կենսունակ պահենք Սփյուռքը, հույս ու ապավեն դառնանք եւ նեցուկ լինենք միմյանց` դժվարությունները հաղթահարելու եւ մեր իղձերն իրագործելու:

Աղոթքով առ Աստված արդյունավոր ընթացք ենք մաղթում այս համաժողովի աշխատանքներին:

Հայցում ենք Աստծո օրհնությունը մեր Հայրենիքին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին:

Թող Աստծո սերը, շնորհները լինեն մեզ հետ եւ բոլորի. ամեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ