News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Հանրապետության ղեկավարը եւ Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Վատիկանի միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից եւ գաղափարախոսությունից: Զրուցակիցները կարեւորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին: Սերժ Սարգսյանը եւ Նորին Սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ հաստատված սերտ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում նախագահը Սրբազան Քահանայապետին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Սրբազան Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը, վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան:

Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան եւ զարգացման հեռանկարը: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով եւ գործակցության ամենատարբեր հարթություններում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում քրիստոնիաներին եւ քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ