News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկախ հանրաքվեի արդյունքներից, գլխավորն այն է, որ շոտլանդացի ժողովրդին հնարավորություն ընձեռնվեց իրացնելու իր անօտարելի՝ ինքնորոշման իրավունքը: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝  Սուրբ Աթոռում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփման ընթացքում պատասխանելով Շոտլանդիայի հանրաքվեին վերաբերող հարցին:

«Երեկ մենք ականատես եղանք Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեին, որի միջոցով եւս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը: Հանրաքվեի արդյունքներն արդեն պարզ են եւ, շոտլանդացի ժողովրդի հավաքական որոշումն արժանի է հարգանքի: Անկախ հանրաքվեի արդյունքներից, այստեղ գլխավորն այն է, որ շոտլանդացի ժողովրդին հնարավորություն ընձեռնվեց իրացնելու իր անօտարելի՝ ինքնորոշման իրավունքը»,- նշել է Սարգսյանը եւ հավելել. «Չեմ կարող հիացմունքի խոսքեր չարտահայտել Մեծ Բրիտանիայի կառավարության եւ ժողովրդի հասցեին, որոնք խնդրի կարգավորման համար ընտրեցին քաղաքակիրթ պետությանը վայել ժողովրդավարական մեթոդներ, թեեւ, ակնհայտ էր, թե որքան դժվար էր այդ անելը»:

Ըստ նախագահի, միաժամանակ, միջազգային հանրության տեսակետից այստեղ կարեւոր է երեւույթն ինքին.  խաղաղ ձեւով որոշվեց մի ողջ ժողովրդի հետագա կարգավիճակը եւ այդ ժողովուրդն ազատ բանավեճի միջոցով որոշեց իր հետագա ճակատագիրը:

«90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ փորձեց խաղաղ ճանապարհով՝ հանրաքվեի միջոցով, որոշել իր ապագան: Սակայն, Ադրբեջանի իշխանությունները նրանց պատասխանեցին Բաքվի եւ Սումգայիթի կոտորածներով, զանգվածային տեղահանություններով եւ ի վերջո՝ պատերազմով: Ակնհայտ է, որ աստիճանաբար հանրաքվեն դառնում է արդի էթնիկ հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորագույն իրավական գործիքներից: Եվ պատահական չէ, որ 20 տարի անց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հիմնասյունը եւս՝ հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու նրա իրավունքն է: 

Շոտլանդիայի հանրաքվեն միջազգային հանրության համար մեծ խորհուրդ պարունակող հանրաքվե էր, եւ շատ լավ օրինակ, թե ինչպես է հնարավոր լուծում տալ այնպիսի կարեւորագույն հարցի, ինչպիսին դրված էր երեկվա հանրաքվեի հարցաթերթիկում»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ