News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Երդվյալ ազատամարտիկների միություն» միավորում, այլ ոչ թե պառակտում է ազատամարտիկներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, «Երդվյալ ազատամարտիկների միության» երրորդ արտահերթ համագումարից հետո, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Երդվյալ ազատամարտիկների միության» նսխագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո)։

«Սա առաջին քայլն է, որ միավորում է։ Եթե մի կազմակերպության մեջ այսքան ազատամարտիկ է հավաքվում, դա միավորում է, ոչ թե տրոհում։ Մեր միության մեջ 8-9 ազատամարտիկների միություններ են համախմբվել, եւ դա արդեն միավորում է նշանակում»,- ասաց Ռուբեն Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում էին համագումարն անցկացնել Ազատության կամ Հանրապետության հրապարակում, սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նրանց տարածք է տրամադրել՝ իրեն պատկանող «Փարավոն» ժամանցային համալիրը։

«Նա ասաց, որ անհարմար է, որ մեր երկրի համար կռված տղերքը բաց երկնքի տակ հավաք անցկացնեն, ու մեզ համոզեց, որ այստեղ անցկացնենք համագումարը»,- ասաց Ռուբեն Գեւորգյանը։

Լրագրողի հարցին, թե անհարմար չէ արդյոք ծանր սոցիալական պայմաններում ապրող ազատամարտիկներին հավաքել երկրի ամենաճոխ համալիրներից մեկում, Ռուբեն Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ անհարմար չէ։ Ազատամարտիկները գոնե մի անգամ իրենց կյանքում, վերջին քսան տարում թող լիաթոք հրճվեն, ուրախանան»։

Ռուբեն Գեւորգյանը նաեւ ափոսոսանքով նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի համար նախատեսված աթոռն այսօր թափուր էր մնացել։

«Բոլոր երեք նախագահներին եմ հրավիրել, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներին, Արցախի նախագահին, բայց ոչ մեկ չեկավ։ Ափսոս էր, որ ոչ մեկ չեկավ։ Բոլորն էլ ժամանակին մեր գերագույն հրամանատարներն են եղել, բավականին զասլուգ են ունեցել, ամեն մեկն ինչ-որ չափով, լավ կլիներ, որ բոլորն էլ այստեղ լինեին»,- ասաց Ռուբեն Գեւորգյանը։

Նշենք, որ երրորդ համագումարին մասնակցում էր 1700-ից ավելի ազատամարտիկ։ Համագումարի ընթացքում ընտրվեց միության 15 հոգանոց խորհուրդը,  Ռուբեն Գեւորգյանն ընտրվեց խորհրդի նախագահ։ Համագումարից հետո Ռուբեն Գեւորգյանը մասնակիցներին հրավիրեց խնջույքի, որն ուղեկցվում էր Արսեն Գրիգորյանի համերգով։

Տպել
Ամենաշատ