News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարվա մարտ ամսից Հայաստանում կմեկնարկի «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ» միջազգային հեռուստահաղորդումը, որի շրջանակում միմյանց հետ կմրցեն Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաեւ Արցախի  դպրոցականները: Հեռուստահաղորդումը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, այն կվարի հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Հաղորդումը Հայաստանում հեռարձակելոււ համար «Արմենիա» հեռուստաընկերությունը համագործակցում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ:

Հաղորդման գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանի խոսքով՝ հաղորդման մասնակիցները կընտրվեն մի քանի փուլերով: Առաջին փուլը դպրոցականները կանցնեն հաղորդման պաշտոնական կայքում տեղադրված հարցաշարին պատասխանելով: Երկրորդ եւ երրորդ փուլերը կացկացվեն «Արմենիա» հեռուստատեսությունում՝ հաղորդման խմբագրական կազմի ներկայությամբ, որոնք մարզերի դեպքում կայցելեն դպրոցներ եւ ընտրությունը կացնկացնեն այնտեղ:

«Հաղորդումը միջազգային ֆորմատով է, մասնակիցները 7-8-րդ դասարանի եւ ավագ դպրոցների աշակերտներն են լինելու, հարցերը լինելու են դպրոցական եւ արտադպրոցական ծրագրից: Ընդգրկված կլինեն երաժշտություն, կինո, ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն,  հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաները»,- երեք կողմերի միջեւ եռակողմ համաձայնության հուշագրի ստորագրումից հետո այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողներին ասաց Կարեն Քոչարյանը:

Հուշագրի ստորագրմանը ներկա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ նախագիծը հնարավորություն կտա կրթական գործընթացն ավելի հետաքրքրիր դարձնելու՝ այն խաղային տեխնոլոգիաներով համատեղելու միջոցով:

«Հույս ունեմ, որ այս նախագիծն իրականում կվերածվի ինտելեկտուալ շարժման: Մենք կարիք ունենք երեխաների մոտ արմատավորելու մի կարծրատիպ, որ իրենք հասկանան, որ իրենց ապագան բացառապես իրենց ձեռքերում է, այս պարագայում՝ իրենց գլխի մեջ»,-  հուշագրի ստորագրման ժամանակ ասաց ԿԳ նախարարը՝ նշելով, որ հաղորդման հանդիսատեսը կլինեն ոչ միայն դպրոցականները, այլեւ նրանց ընտանիքների անդամները:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ հաղորդման մասնակիցները գիտելիքի միջոցով հայտնի կդառնան հասարակությունում:

«Այդ երեխաներն իրավունք կունենան կոչվելու ամենախելացին: Թե չէ այսօր քաղաքական գործիչների մեջ շատերն են իրենց դնում ամենախելացիների տեղը, բայց կարծում եմ Հայաստանում նախադեպ կստեղծենք ու դա վավեր կլինի գոնե մեկ երեխայի մակարդակով»,-ասաց նախարարը: Թե ինչ մրցանակներ կստանան հաղթող մասնակիցները, նախարարը նախընտրեց գաղտնիք թողնել:

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանի խոսքով՝ հաղորդումն ինքնանպատակ չէ, այն կխթանի կրթությունն ու մոդայիկ կդարձնի այն:

«Խաղը շատ հայտնի ֆորմատով է, երբ 12 աշակերտներ սկսում են խաղը, եւ հաղթող է ճանաչվում միայն մեկը: «Արմենիա» հեռուստաընկերությունն անդադար ցանկություն ուներ նման հաղորդում ստեղծելու: Միայն շատ ուժեղ հեռուստաընկերությունները կարող են իրենց թույլ տալ այսպիսի բան անել: Վստահ եմ, որ հաղորդումը մեծ ազդեցություն կունենա դպրոցականների վրա»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ