News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա. բայց այն նաեւ չպիտի լինի հյուրանոց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով արտագաղթի ցավոտ խնդրին, ՀՀ նախագահն ասել է.

«Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք եւ ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները եւ արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել»:

«Համոզված եմ, որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա: Բայց այն նաեւ չպիտի լինի հյուրանոց: Հյուրանոցը հյուրի համար է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի իր տանտեր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր հայ իր տունն ու օջախը պետք է ունենա հայրենիքում:

Ահա այստեղ եմ տեսնում հայրենիքի հզորացման ու շենացման գործում Սփյուռքի ներուժը ներդնելու առաջնահերթ ուղղությունը: Համաշխարհայնացման ներկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է համախմբել համայն հայության կարողությունները, մասնագիտական ունակություններն ու հնարավորությունները, զարգացնել երիտասարդների հայրենասիրական, ազգային զգացումները: Սփյուռքի մտահղացումներն անհրաժեշտ են Հայաստանի պետության կերտման, անվտանգության, կայունության ու զարգացման համար»:

Անդրադառնալով Սփյուռքի դերին Սերժ Սարգսյանը նշել է. «Բոլոր դժվարությունների եւ վտանգների պահին Սփյուռքը եղել է մեր ամենամոտ եւ ամենահարազատ հենարանը: Սակայն, արդյո՞ք բոլոր կապերը, հնարավորությունները, ֆինանսական ու քաղաքական կարողություններն ենք կարողացել օգտագործել: Իհարկե՝ ոչ: Ոչ, քանի որ Հայաստանի հզորացումը չենք դարձրել գերխնդիր, չենք դարձրել բոլոր հայկական կառույցների եւ անհատների հոգածության առարկան:

Հայրենիքի եւ սփյուռքի գործակցության վեկտորը պետք է ուղղել Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հայ ժողովրդի կարողություններն ու հնարավորությունները շատ ազգերի նախանձն են շարժում, սակայն դրանց չնչին մասն է տրամադրվում հայրենիքի շենացման համար: Ամեն մի հայ պետք է հարց տա իրեն, թե այլ երկրներ եւ տնտեսություններ շենացնելուց զատ ի՞նչ է արել իր հայրենիքի համար, ինչքանո՞վ է փորձել թեթեւացնել նրա հոգսը: Եվ այս հարցում ինչպիսի՞ աշխատանք են տարել մեր հարգանքին ու շնորհակալությանն արժանի հայկական կառույցները:

Սփյուռքը Մայր հայրենիքի հետ կապելու նպատակով մենք ողջունում եւ խրախուսում ենք Սփյուռքի յուրաքանչյուր նախաձեռնություն Հայաստանում: Պետությունը պատրաստակամ է սփյուռքահայերին հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ինչի նպատակը բարեգործությունից փոխշահավետ գործընկերության անցնելն է:

Ազատ ու անկախ Հայաստանն իրականություն է: Ուստի կոչ եմ անում ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծմանն ու ապագայի ծրագրերի մշակմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ