News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ մեր տարածաշրջանում չի եղել լարվածություն կամ բարդ քաղաքական իրավիճակ: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած տոնական ընդունելությանը:

«Մենք ինչ-որ տեղ նույնիսկ ընտելացել ենք նման պայմաններում ապրելուն: Ցավոք, միշտ չէ, որ լարվածության թուլացումը մեզնից է կախված: Բայց մենք անում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը մեղմելու եւ բնականոն հուն մտցնելու համար:

Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները: Դրանց մենք հակադրում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական բոլոր շերտերի, Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ համայն հայության միասնական կեցվածքը»,- նշել է նախագահը եւ հավելել. «Մենք դրան հակադրում ենք մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների փայլուն ծառայությունը սահմանագծում: Փա՛ռք մեր տղաներին, ովքեր թշնամու սանձարձակ սադրանքները կանխեցին, կանխեցին անգամ սեփական կյանքի գնով: Փա՛ռք մեր հերոսներին»:

Նա շեշտել է, որ թող ոչ ոք հույս չդնի մեր միասնականության հնարավոր խարխլման վրա ու մութ անկյունում նենգ դավեր հյուսի: «Թող ոչ ոք սեփական արժեհամակարգով չչափի մեր իրականությունը եւ քաղաքական ազատ մրցակցությունն ու բանավեճը շփոթի միասնականության կորստի հետ: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ եթե դժվարանում են հասկանալ թե դա ինչ է, ապա դա ամենեւին էլ մեր խնդիրը չէ: Մեր արժեքներն այլ են. ժողովրդավարություն, քաղաքական ազատություններ, խաղաղություն եւ մարդասիրություն, նաեւ հարգանք բոլոր ժողովուրդների, այդ թվում եւ՝ ադրբեջանցի ժողովրդի հանդեպ:

Մենք շարունակում ենք առաջ գնալ մարդու ազատությունների երաշխավորման, քաղաքացիական հասարակության ուժեղացման, իշխանության հետեւողական բալանսավորման եւ իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ: Մենք ձեւավորում ենք որակապես նոր հասարակություն: Մենք դա չենք անում, որպեսզի օտարները գան եւ մեզ բարձր կամ ցածր գնահատական տան: Մենք դա անում ենք, քանզի համոզված ենք, որ Հայաստանի զարգացման ճանապարհը ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն է: Մեր աշխարհայացքի հիմքում մարդն է, նրա շահերը, իրավունքները եւ բարեկեցությունը»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ