News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալներ Միսակ Առաքելյանին, Վահե Մկրտչյանի եւ Ալբերտ Մարգարյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրած պաշտպանական ճառում դատարանին խնդրեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալներին։

Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ դատաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքներն ապացուցել են նրանց անմեղությունը։

«Այնպիսի հանգամանքներ ի հայտ եկան,  որոնք ապացուցեցին իմ պաշտպանյալների անմեղությունը: Երթը եղել է ոչ միայն խաղաղ, այլեւ իրավաչափ: Երթն առաջնորդել է Շանթ Հարությունյանը, առաջինը նա է երթը հանդարտեցնելու կոչեր արել, եւ իրավիճակը չէր սրվի այդքան, եթե գործով վկա, ոստիկան Վարդան Գեւորգյանը չփորձեր Շանթ Հարությունյանի գրկել եւ ինչ-որ տեղ տանել: Բախումը սադրել էր ոստիկան Գեղամ Խաչատրյանը, իսկ Վարդան Գոեւորգյանի գործողությունները խորացրել են այդ բախումը: Երթի բոլոր մասնակիցներն ինքանապաշտապնության նպատակով են կրել փայտեր, քանի որ ունեցել են մտավախություն, որ ոստիկանները կարող էին երթը սադրել եւ կռիվ հրահրել»,-ասաց պաշտպանը:

Հովհաննես Քոչարյանը դատարանին հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ տեսանյութերով չի հիմնավորվել Վահե Մկրտչյանի դեմ այն մեղադրանքը, թե նա հարվածել է ոստիկանի:

«Անգամ ոստիկանության ծառայողները չեն վկայել իմ պաշտպանյալի կողմից խուլիգանական արարք կատարելը: Իմ պաշտպանյալների արարքի այս աստիճան ստորացումը ոչ միայն անիրավական է, այլեւ անբարոյական: Տեսանյութի հետազոտությունը փաստում է, որ Վահե Մկրտչյանը չի հարվածել Վարդան Գեւորգյանի գլխին: Դատախազն իր ճառում նշեց, որ Վահե Մկտչյանի մեղքն ապացուցված է նաեւ վերջինիս նախաքննական ցուցմունքով: Իր ցուցմունքում Վահե Մկրտչյանը հայտարարեց, որ  ոստիկանին չի հարվածել, այլ նրա հետ ֆիզիկական գործողության մեջ է եղել»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքով չկան՝ ապացույցներ, որոնք կփաստեին, որ իր պաշտպանյալների արարքում խուլիգանական դրդումներ կան:

«Իմ պաշտպանյալները եւ երթի մասնակիցները Նոյեմբերի 5-ին փորձել են իշխանության ուշադրությունը սեւեռել հանրային խնդիրների նկատմամբ՝ հույս ունենալով, որ դրանք լուծում կստանան»,-ասաց նա:

Նշենք, որ Վահե Մկրտչյանին դատախազը առաջարկել է ազատազրկել 8 տարի 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի ժամկետով, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:

 

Տպել
Ամենաշատ