News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունը պատահականություն է եղել, ինչը ապացուցվել է դատաքննության ընթացքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին վերաքննիչ բողոքի քննության ժամանակ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

 «Հարգելի դատարան, փաստորեն առանձնակի ծանր հանցագործության նախապատրաստվող անձը նույնիսկ կանոնակարգը չի ցանկացել խախտել եւ ժամապահի դիրքի գծից դուրս չի եկել։ Ինչպե՞ս կարող էր Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ կրակել»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը ամեն կերպ փորձել է ապացուցել, որ կրակոցը դիտավորյալ է եղել, քանի որ վիճաբանություն է եղել, փոխադարձ հայհոյանքներ են հնչել եւ ձգանը սեղմելու համար որոշակի ուժ  է պահանջվել, այսինքն՝ չէր կարող կրակոցը պատահական լինել։ Այս ամենով է  դատարանը հիմնավորել կրակոցի դիտավորյալ լինելու փաստը։

Դավիթ Խաչատրյանի փաստաբանը մեջբերեց վկաների հարցաքննություններից հատվածներ, որոնք ապացուցում են, որ միջադեպը կատակ է եղել, կրակոցն էլ՝ պատահականություն։

«Երկուսն էլ՝ Դավիթն էլ, Լյուքսն էլ,  մինչեւ վերջ համոզված են եղել, որ դա կատակ է, երկուսի դեմքին էլ ժպիտ է եղել, ու այս մասին պատմել է վկա Միշա Ջանազյանը»,-հիշեցրեց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ նրանց երկուսի հայհոյանքներն էլ միմյանց են ուղղված եղել, այլ ոչ թե միմյանց հարազատներին. «Այսինքն՝ վերջին պահին հայհոյանքների բնույթը չի փոխվել, որը լրջություն կտար իրավիճակին»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ գործը քննող առաջին ատյանի դատարանը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Դավիթ Խաչատրյանը սկզբից  ուսագոտու շրջանում է զենքը պահել, հետո նշան է բռնել, սակայն այդ ժամանակ էլ չի կրակել, այլ իջեցնելիս է կրակել՝ 30 մ հեռավորությունից։

«Նույնիսկ գործով վկա, հրամանատար Հրայր Աթոյանն էլ իր ցուցմունքում ասել է, որ  «մենք այդքան պատրաստված զինվոր չունենք, որ նման հեռավորությունից նման ճշտությամբ կրակեր»,-ասաց փաստաբանը։

Փաստաբանը նաեւ մեջբերեց մի քանի վկաների ցուցմունքներ, որոնք նկարագրում էին կրակոցից հետո Դավիթ Խաչատրյանի հոգեվիճակը. «Դավիթը շատ վատ վիճակում էր, անընդհատ կրկնում է «հորս արեւ, էս ի՞նչ արեցի», այսինքն՝ դեպքի ականատես բոլոր անձինք վկայում են, որ Խաչատրյանը դիտավորյալ չի կրակել, եւ այդ կրակոցը անակնկալ է եղել նաեւ իր համար»։

Առաջին ատյանի դատարանը, ըստ փաստաբանի, հիմնավորված է համարել այն հանգամանքը, որ Դավիթ Խաչատրյանը վիրավորվել է իրեն ուղղված հայհոյանքից, չնայած ոչ մի ցուցմունք նման բան չի հաստատում։

Փաստաբանը նաեւ նշեց մի քանի փաստական հանգամանքներ, որ Դավիթ Խաչատրյանն ու Լյուքս Ստեփանյանը մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ են գտնվել, նաեւ նշեց, որ Դավիթ Խաչատրյանը շատ մտերիմ է եղել տուժող Հրաչյա Սարգսյանի հետ։

«Տուժող Հրաչյա Սարգսյանը մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել Դավիթ Խաչատրյանի հետ, նույնիսկ NEWS.am-ի կայքում կա  Հրաչյա Սարգսյանի հոր հետ հարցազրույց, որը դա ապացուցում է, եւ նույնիսկ եթե նա ցանկանար սպանել Լյուքսին, ապա հաշվի կառներ, որ նրա կողքին իր ընկերն է նստած, որին չէր ցանկանա վնասել»,-ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանն իր վերաքննիչ բողոքն եզրափակեց նշելով, որ առաջին ատյանի դատարանը անհիմն որոշում է կայացրել եւ իր պաշտպանյալի արարքը պետք է որակվեր որպես զենքի հետ վարվելու կանոների խախտում, ոչ թե դիտավորյալ սպանություն, իսկ կատարվածը՝ որպես դժբախտ պատահար, եւ ըստ այդմ կայացվեր դատավճիռ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի դահլիճը լեփ-լեցուն է Լյուքս Ստեփանյանի բարեկամներով, Դավիթ Խաչատրյանի բարեկամներ, այսօր կրկին դատարան չեն եկել։ Դատարան չի ներկայացել նաեւ տուժող Հրաչյա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Տպել
Ամենաշատ