News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է  Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մարզում նախարարը շրջայց է կատարել Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի  «Արեգակ» կոնյակի գործարանում,   ինչպես նաեւ «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան », «Արարատի գինու գործարան», Տափերականի  «Ա.Կ.Զ.» եւ «Արտաշատ Վինկոմ» ընկերություններում:

Գործարանների տնօրենները տեղեկացրել են նախարարին, որ խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են կազմակերպված ու բնականոն հունով, առանց դժվարությունների: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ մթերումն իրականացվում է համաձայն գյուղացիների հետ կնքված պայմանագրերի, եւ գործարանները պատրաստ են մթերել խաղողագործների արտադրանքի ողջ ծավալը: Տեղեկացնելով, որ պայմանավորվածության համաձայն, խաղողը գյուղացիներից մթերվում է կիլոգրամը 150 դրամով, նրանք նաեւ վստահեցրել են, որ մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարվեն ժամանակին:

Նախարարին նաեւ զեկուցվել է, որ ներկա դրությամբ Արարատի մարզում արդեն մթերվել է 44 հազար տոննա խաղող:

Չնայած այն հանգամանքին, որ  հանրապետությունում խաղողի մթերման մեկնարկը սկսվել է սեպտեմբերի 5-ից, սակայն որոշ գործարաններում դեռեւս չեն սկսվել  մթերման աշխատանքները:  Նախարարը հանձնարարել  է  Շահումյանի կոնյակի եւ Այգեզարդի գինու գործարանների ղեկավարներին    առաջիկա երկու օրերի ընթացքում սկսել խաղողի մթերումները:

Նախարարի այցի վերջին կանգառն Այգեստանի Պռոշյանի կոնյակի գործարանն էր, ուր Սերգո Կարապետյանը  հորդորել է մթերման սեզոնին աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի գործարանն   աշխատի  շուրջօրյա, առանց ժամային սահմանափակումների, իսկ  վճարումներն իրականացնեն ժամանակին:

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում մարզում գործող ընկերությունների մթերած խաղողի ծավալները չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:

Սեպտեմբերի 22-ի դրությամբ  հանրապետությունում արդեն մթերվել է 98 հազար տոննա խաղող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ