News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը նախընտրեց իշխանությունը ընդդիմություն լինելուց, որովհետեւ համոզվեց, որ այս երկրում ընդդիմություն չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա անդրադարձել է իր «ընդդիմադիր» անցյալին ու ՀՀԿ-ական ներկային, դրանց պատճառներին եւ հնարավոր արդյունքին՝ պաշտոն ստանալուն:

Դուք Նոր Նորքում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էիք, ՀԱԿ-ի հավաքներին էիք մասնակցում, հիմա դարձաք ՀՀԿ անդամ, այդքան շո՞ւտ հայացքներն ու սկզբունքները փոխվեցին:

Երբ ես շտաբի պետ էի, ՀԱԿ-ը չկար, ընդամենը նախագահական ընտրություններ էր եւ ես ընդամենը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով դարձա շտաբի պետ: Ի դեպ ասեմ՝ ես չէի էլ ուզում, ասացի՝ ես ուր, շտաբի պետն ուր, այսինքն՝ քաղաքականությունը ուր, վերջիվերջո ես իրավաբան եմ, ասաց՝ ինձ քո անունն է պետք, տեղակալներն ամեն ինչ կանեն: Ես դարձա շտաբի պետ՝ իշխանություններից լինելով մերժված, այդ պահին այլ կերպ չէր կարող լինել, մեկնված ձեռքից կարող էի լրիվ հրաժարվել, այդ դեպքում կստացվեր հարազատ ընտանիքից, իշխանությունից հեռացած մարդու մեկնած ձեռքից հրաժարվել: Դարձա շտաբի պետ եւ նրա ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում որպես իրավաբան, ես անգամ շտաբ չեմ մտել:

Իսկ ընտրություններից հետո ես ժողովրդի մոտ էի, ընդամենը մի անգամ ելույթ եմ ունեցել, որը հոգեւոր բնույթ ուներ, ոնց որ որպես շտաբի պետ, որ մի բան էլ ես ասած լինեի:

Ես արդարանալու կարիք երբեք չեմ ունեցել, հիմա՝ առավել եւս, բայց ես իշխանություններին երբեք չեմ հայհոյել նույնիսկ այն պարագայում, երբ ինձ ազատեցին աշխատանքից: Այո՝ այդտեղ էի՝ հրապարակում, այնտեղ էր ամբողջ ժողովուրդը, ոգեւորված ժողովրդական  զարթոնքով, այդ բոլորը որոշ մարդիկ իրենց վերագրեցին ու ինձ թվում է այդ պատճառով էլ պարտվեցին, այնտեղ անձի պաշտամունքի էր վերածվում ինչ-որ պահի, երեւի բարին դա էր, որ չհաղթեց: Այդ հանրահավաքները որքան քաղաքական են, այնքան էլ ժողովրդական եւ ժողովրդավարական են:

Ժողովուրդը էնտեղ էր, շատերը այլ զգացմունքներով էին, մի տեսակ ուրիշ զարթոնք էր:

Լավ, իսկ ինչպե՞ս որոշեցիք դառնալ Հանրապետական:

Դրա վրա մի անեկդոտ պատմեմ: Մեկը երկար տարիներ, այնքան ինչքան ես, ավելի քան 20, գալիս է մի ռեստորան, ճաշում է, ճաշելուց հետո գազար է խնդրում, դնում է ականջի հետեւը եւ հեռանում: Անձնակազմը ասում է մի հատ փորձենք, չեն հասկանում՝ ինչու է այդպես վարվում, հետո նորից է գալիս, գազար է խնդրում, ասում են՝ գազար չունենք, ասում է՝ իսկ վարո՞ւնգ, ասում է ունենք, դե մի հատ վարունք բերեք, վարունգը դնում է ականջի հետեւը, որ գնա, մատուցողը ասում է, ներողություն էլի, էդ վարունգը ինչի՞ դրեցիք, ինքն էլ թե՝ բա չասացի՞ք գազար չունեք, հիմա իմն է:

Հիմա դուք վարո՞ւնգն եք ստիպված ընտրել:

Վարունգը ընդամենը մի պահ է, ես նորից վերադարձել եմ գազարին: Ես ընտրել եմ աշխատողը, գործողը: Ավելի շատ ակցիա է ստացվում, ես չեմ հրաժարվում, որ պատրաստ եմ օգտակար լինեմ, եթե այդպիսի հնարավորություն կունենամ: Մեծ հաշվով գիտեմ, որ սկսած իմ ոդիսականից՝ ես անցանկալի անձ եմ այս իշխանությունների համար եւ այդպիսին էլ կմնամ, պերսոնա նոն գրադա եմ ես, ինքը ավելի շատ ակցիա է: Երեւի էնքան ձեւական է, որ ոչ էլ ուշադրություն դարձրին դիմողն  ով է, ինչ է, մեկը գնացել է, դիմումը տարել, ասել են, կգաս, վկայականք կստանաս:

Հիմա ձեզ պաշտոն տալո՞ւ են անդամակցության համար:

Թող տան, ես առանձնապես չեմ այրվում այդ ցանկությունից եւ նպատակս հաշվարկ չի պարունակում, բայց իհարկե եթե ուզում եմ ծառայել, ինչ-որ մի գործիք պիտի տան, որ ծառայեմ:

Բայց հավանականություն կա, որ պաշտոն կտան:

Չգիտեմ, ամեն ինչ Աստծու ձեռքում է:

Մոտ 8 ամիս է, ինչ ՀՀԿ անդամ եք, այս ընթացքում ձեր ի՞նչն է ավելացել կամ պակասել, օրինակ՝ վարկանիշը:

Ոչ մի բանը, ես այն մարդկանցից չեմ, որ վարկանիշի վրա եմ աշխատում, չեմ մտածում վարկանիշի մասի, իմ քայլերը հաշվարկված չեն կամ միտված չեն վարկանիշին, ոչ բիզնեսմեն եմ, ոչ քաղաքական գործիչ, ես ընդամենը իմ գործն եմ անում, փորձում եմ ինչ-որ բան անել, թե ինչ, թողնենք:

Իսկ ակտի՞վ եք կուսակցական գործունեությունում, օրինակ՝ շտաբ քանի՞ անգամ եք գնացել:

Չէ, չէ, ի՞նչ ՀՀԿ մտնել, էն տարածքային ստորաբաժանումը դատարկ տեղ է, նույնիսկ կառույցի ղեկավարը տեղում չէր, աղջիկները ընդունեցին, դիմումը տվեցի, մի ամիս հետո գնացի վկայականը վերցրի:

Ու այդ ժամանակվանից մինչ օրս ՀՀԿ չե՞ք գնացել:

Չէ, գնամ ի՞նչ անեմ, ո՞վ է հրավիրել, որ գնամ:

Դե եթե այդպես է, չգնայիք մտնեիք կուսակցություն:

Դա հեչ կարեւոր չէ, մարդը իր առաջարկությունը պետք է անի, իսկ կակցենատավորի, թե չէ, դա իր գործն է, եթե կարիք լինի քո առաջարկի, կընդունեն:

Իսկ նախագահի կամ վարչապետի հետ զրույց չի՞ եղել ձեր աշխատելու մասին:

Ոչ, չի եղել:

Փաստորեն դուք նախընտրեցիք իշխանությունը ընդդիմություն լինելուց, որովհետեւ իշխանությանը ձեռքին լծակներ կան:

Չէ, որովհետեւ ես համոզվեցի, որ մենք ընդդիմություն չունենք:

Իսկ իշխանություն ունե՞նք:

Հա, իհարկե ունենք, լավ է, վատ է, բայց ունենք, ո՞նց կարող ենք ասել չունենք, բա ի՞նչ է, էս պետոթյունը ինքնահոսի գնո՞ւմ է: Ավելի շատ ընտրել եմ անիմաստ խոսացողների մյուս կողմը, անիմաստ խոսացողները ընդդիմությունն է, իշխանությունը լավ թե վատ, սխալներով լի, որոնց մասին ես բարձրաձայնել եմ եւ բարձրաձայնելու եմ, ինքը ինչ-որ բան անում, աշխատում է, գործ է անում, պետությունը պահում, իշխանությանը հեշտ է քննադատելը, պարզ է որ այնտեղ լիքը ցեխ կա, լիքը արատավոր երեւույթներ կան, այնտեղ շատ մարդիկ կան, որոնք պետք է ընդհանրապես մոտ չլինեն իշխանության ծայրին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը դեռ փետրվար ամսին է դիմում գրել եւ դարձել ՀՀԿ-ական: Նա Արդարադատության խորհրդի կողմից նախ կարգապահական վարույթի էր ենթարկվել, ապա 2007-ին դատավորի լիազորություններից զրկվել: Դրանից հետո նա որոշ ժամանակ մասնակցում էր ընդդիմության, մասնավորապես՝ ՀԱԿ-ի հավաքներին եւ ընդդիմադիր ելույթներ ունենում:

Տպել
Ամենաշատ