News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության մոտ լարվածության չի թուլանում։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեկը մյուսի հետեւից  ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ են ժամանում Հանրապետության հրապարակ, որտեղ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների մի քանի հարյուր աշխատակիցներ փակել են ճանապարհը՝ պահանջելով չեղյալ հայտարարել օրենքը։

Ցուցարարները «ամոթ, ամոթ» վանկարկումներով են դիմավորել ոստիկանության դիմակավորված հատուկ ջոկատայիններին եւ կարմիր բերետավորներին։

«Մենք հանցագործ չենք, ո՞ւմից եք մեզ պաշտպանում, գնացեք, սահմանը պաշտպանեք»,- բղավում են հավաքվածները։

Հրապարակում նաեւ մեծ թվով ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ բերման ենթարկվողների համար նախատեսված։ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր տեղակալների հետ դեռ փողոցում է։  Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրենք ընդամենը փորձում են այնպես անել, որ հասարակական կարգը չխախտվի։

Նշենք, որ քիչ առաջ ոստիկանները հրելով ցուցարարներին դուրս բերեցին փողոցի երթեւեկելի հատվածից։ Նրանք այժմ հավաքվել են կառավարության շենքի մոտ եւ շարունակում են բողոքի ակցիան։

Ցուցարարներն այսօր ավելի վաղ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը թեեւ լսել  նրանց ու վստահեցրել, որ օրենքի փոփոխություններն ուղղված են ոչ թե իրենց, այլ հարկային դաշտից դուրշ աշխատող խոշոր բիզնեսի դեմ, սակայն ցուցարարների խոսքով, իրենց չի գոհացրել, որովհետեւ հստակ ասել է, որ օրենքը չի կասեցվելու։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է օրենքը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ