News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարեւոր է ոչ թե Եվրասիական միությանն ինտեգրումը, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունները, սեպտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրողություններում կառույցին միանալուց հրաժարվելը կարող էր լուրջ խոչընդոտներ ստեղծել Մոսկվայի հետ հետագա բազմակողմանի համագործակցության համար:

 Բացի այդ, ըստ պատգամավորի, այսօր ազգային տնտեսությունն ավելի շատ պատրաստ է ԵՏՄ-ին, քան ԵՄ-ին միանալուն:

 «Եվրոպական շուկա դուրս գալն այնքան էլ հեշտ չէ, ինչքան թվում է շատերին: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա այդ կառույցի երկրների հետ մենք հաստատված կապեր ունենք, ընդհանուր պատմություն ԽՍՀՄ կազմում, ընդհանուր շահեր եւ մշակութային, մտածողության նմանություններ», - նշել է Ալեքսանյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ դրանց ազդեցությանը ԵՏՄ-ի ու մասնավորապես Հայաստանի վրա՝ քաղաքական գործիչը նկատել է, որ այսպես թե այնպես, դրանք կանդրադառնան երկրների տնտեսության վրա, բայց որքանով դա կլինի շոշափելի, առայժմ դժվար է  կանխատեսել: Այլ տեսանկյունից, ընդգծել է Ալեքսանյանը, արեւմտյան պատժամիջոցները խթան կդառնան ռուսական տնտեսության զարգացման համար, ինչից կշահի նաեւ Երեւանը:

 «Հայաստանի համար կբացվեն հավելյալ հնարավորություններ, առաջին հերթին՝ գյուղատնտեսության ոլորտում», - նշել է պատգամավորը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետի տեղադրման ցավոտ խնդրին՝ պատգամավորն ասել է. «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի եղել եւ չի լինի»:

Հիշեցնենք, Հայաստանի միացումը Եվրասիական միությանը նախատեսվում է հոկտեմբերի 10-ին՝ ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ