News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ապշեցնում է հայերի ցինիկությունը՝ ամեն ինչ անել ի հեճուկս հասարակությունների զարգացման օրինաչափությունների. հայերը երբեք չեն հարգել պետության չեզոք դերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով պետականության կայացման գործում եկեղեցու եւ նախարարական տոհմերի բացասական դերին:

Նա մասնավորապես, գրել է.

«Արժեքային համակարգի տեսակետից հայկական միջավայրը, ի տարբերություն կորեականի, լի է անհասկանալի, անտրամաբանական սկզբունքներով։ Կուզեի խոսել դրանցից մի քանի մասին։ Այսօր կանգ կառնեմ հայերի պետականակործան մի հատկության վրա. իշխանությունը պարբերաբար կենտրոնացնելու եւ ապակենտրոնացնելու ցիկլի ու պետության մշտական գերազանցության երեւույթի մասին։ Հարավային Կորեան, օրինակ, թվում է թե խոշոր ընկերությունների երկիր է. Սամսունգ, Կիա, Հունդայի եւ այլն։ Սամսունգ ընկերության վաճառքներն, օրինակ, կազմում են 300 մլրդ դոլար (30 հատ Հայաստան), իսկ կապիտալիզացիան 200 մլրդ դոլար։ Ընկերությունում աշխատում է 440 հազ մարդ։ Քչերը, սակայն, գիտեն, որ սա մի ընկերություն է, որը պատկանում է 127 897 մարդու եւ 6230 ընկերության։ Ընդամենը կա 170 մլն բաժնետոմս, իսկ ամենամեծ սեփականատերը՝ Կուն Հի Լին տնօրինում է բաժնետոմսերի սոսկ 3.38%-ը։ Իրենց պատմության ընթացքում կորեացիները պարբերաբար մանրացրել են խոշոր սեփականատերերին, թույլ չեն տվել, որ նրանցից գոնե մեկն ի վիճակի լինի մրցակցել պետության հետ, կարողանա քաղաքականություն թելադրել։ Պակ Չոն Խիի բարեփոխումների կենտրոնական առանցքը սա էր։

Հայոց պետականության էվոլյուցիան այս ամենի հակառակն է։ Ապշեցնում է հայերի ցինիկությունը՝ ամեն ինչ անել ի հեճուկս հասարակությունների զարգացման օրինաչափությունների։ Հայերը երբեք չեն հարգել պետության չեզոք դերը։ Դեռեւս 3-4 րդ դարերում, երբ հայկական պետականության հիմքը թագավորն ու 1.5 տասնյակ նախարարներն էին, տնտեսական եւ քաղաքական հիմքեր ձեւավորվեցին նախարարական տները մանրատելու եւ դրանով իսկ կենտրոնական պետության դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ։

Եվրոպայի եւ Ռուսաստանի պատմությունը մեզ սովորեցնում է, որ քանի դեռ հերցոգների, կյուրֆուրիստների ու բոյարների իշխանությունը չփոխարինվեց ավելի մանր ազնվականների իշխանությամբ (ասպետներ, շեվալյեներ, լորդեր, ազնվականներ), կենտրոնացված պետությունների գործառույթները թույլ էին, երերուն։ Հայերն, ընդհակառակը, 4-րդ դարում ընդունում են քրիստոնեությունը, նախարարների կողքին ստեղծում մեկ այլ, ավելի խոշոր սեփականատեր՝ եկեղեցուն, իսկ հետո որոշում կայացնում թագավորական ինստիտուտի ավելորդ լինելու եւ պետականության անպետքության մասին։

Սեպուհների (ազնվականների) ինստիտուտը Հայաստանում այդպես էլ չի կայանում։ Իսկ դա շատ կարեւոր է։ Առանց դրա կենտրոնացված պետություն չէր կարող լինել։ Տրամաբանությունն այստեղ պարզ է. մի քանի հոգուն (նախարարներին) պետություն պետք չէ. նրանք իրենք են հավակնում պետություն լինել։ Մինչդեռ մի քանի հազարի համար կենտրոնացված պետության առկայությունը գոյատեւման միակ պայմանն է։

Պատահական չէ, որ 9-րդ դարում Բագրատունիների թագավորության ձեւավորումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ դրանից մի փոքր ավելի վաղ արաբները խնջույք կազմակերպեցին եւ կոտորեցին հայկական նախարարական տների մեծ մասը։ Այլապես այդ տները երբեք էլ թույլ չէին տալու թագավորության ու պետության ձեւավորումը (իհարկե, ներողություն այդ հրեշավոր ոճրագոծությունը ֆլեգմատիկորեն շարադրելու համար)։

Առաջ անցնելով ասենք, որ այդ շրջանում, շնորհիվ արաբների կողմից մտցրած դրամական հարկի, Հայաստանում նախարարական տները ստիպված էին վարձակալության տալ կամ վաճառել վարելահողերը։ Առաջացավ սեփականատեր հողատերերի դաս, զարգացան ապրանքա-դրամական հարաբերությունները։ Արաբներն ակամա խթանեցին պետականության ձեւավորումը։

Բայց ահա իշխանության եկած Բագրատունիները, առանց հասկանալու, սկսեցին պետականացնել հողերը։ Աստիճանաբար դրանց զգալի մասն անցավ եկեղեցուն։ Պետրոս Գետադարձ կաթողիկոսն, օրինակ, ավելի քան 1000 գյուղ ուներ։ Է նրա ինչի՞ն էր պետք պետությունը։ Հենց նա էլ 1045-ին այդ պետության վերջը տվեց։

Հետագայում արդեն մեծածավալ եկեղեցական հողատիրությունը թույլ չէր տալիս սեփականատերերի դասի առաջացումը եւ խանգարում էր պետության ձեւավորմանը։ Հասկանալի է, թե ինչու էին թուրքական սուլթանները եւ պարսկական շահերը մեդալը մեդալի հետեւից շնորհում հայոց կաթողիկոսներին։ Մենք երբեք այս աչքերով չենք նայել մեր պատմությանը։ Երեխաներին սերմանում ենք մի պատմություն, որտեղ միակ թշնամին արտաքին ագրեսորն է։ Քաջ ենք, խիզախ, շինարար, բայց բախտ չունենք։ Ահա սա է մեր պատմագիտությունը։

19-րդ դարում, երբ ռուսները փորձում էին իրականացնել կայսրի 1861թ հողային ռեֆորմը Հայաստանում՝ ապշել էին. գյուղացիներին տալու հող չկար. ամենը պատկանում էր եկեղեցուն։ Հիմա էլ, սկսած ՀՀ երկրորդ նախագահից եւ շարունակաբար 3-րդ նախագահը սիրում են հենվել մեկ տասնյակ օլիգարխների վրա։ Այդպես հեշտ է. կարեւորը ներդրումներն ու խնայողություններ կենտրոնացնելն է։ Միջին դաս չկա ու չպետք է լինի։ Պետք է մշտապես սիրաշահել այս խոշորներին։ Արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա. հենց այդ խոշորներն էլ մի օր կվերացնեն այս պետությունը։ Որովհետեւ առանց նշանակալի միջին դասի, խոշորների դերը երկրի զարգացման գործում միայն բացասական կարող է լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ