News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի տոնավաճառների աշխատողները վստահ են, որ հոկտեմբերի 1-ից «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենց շահույթը կպակասի, աշխատանքում հավելյալ բարդություններ կառաջանան:  Աշխատողները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ օրենքի փոփոխությունների դեմ իրենց բողոքը հայտնելու, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ եթե օրենքը չփոխվի, իրենք ստիպված կլինեն այլեւս չաշխատել:

«Մենք արդեն կարողանում էինք աշխատել նախկին ՀԴՄ-ներով: Մի ժամանակ եռամսյակը մեկ մեկուկես տոկոս էինք վճարում հարկային մարմնին, հետո դա դարձավ երեքուկես տոկոս, դրան էլ հարմարվեցինք: Բայց հիմա՝ այս փոփոխությունից հետո, երբ պետք է բոլոր ապրանքները հաշվիչով անցնեն, անհնարին կլինի աշխատելը: Եթե ես հանկարծ մի ապրանք մոռացա անցկացնել, ինձ 20 հազար դրամ կտուգանեն»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Հարությունյանը, որը հագուստ է վաճառում Նոր Նորքի տոնավաճառում։

Քաղաքացիները բողոքում են, որ նոր օրենքով ստիպված են լինելու նաեւ հարկ վճարել այն ապրանքների համար, որոնք վաճառվելուց հետո գնորդի խնդրանքով հետ են վերցրել։

«Մարդ կա, տարել ա իր ազգականի համար, չի եղել վրայով, հետ ա բերել: Ես էդ մարդու հետ ամեն անգամ հո չեմ կռվելու: Չես կարա ուրիշ ձեւ աշխատես»,- ասաց Անուշ Հարությունյանը:

 17-ամյա Դավիթ Գեւորգյանը, որը 5 տարի է՝ օծանելիքի վաճառքով է զբաղվում «Ռոսիա» տոնավաճառում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ամսական մեծ քանակությամբապրանք է վաճառում՝ գումարը հետո վերցնելու պայմանով եւ նոր օրենքի ուժի մտնելուց հետո պարզապես չի կարողանա աշխատել:

 «Ես կլիենտներ ունեմ ուրիշ տեղերից, որ գալիս, ինձնից ապրանք են տանում, ընթացքում մարում են փողը քիչ-քիչ: Հիմա որ ես նիսյա տվեցի, եկան ապրանքը հաշվեցին, իմ մոտ չկա էդ ապրանքի փողը, դրա համար ես իրենց ո՞նց փող տամ: Դուխին մենք ուրիշ երկրից բերում ենք, էնտեղ առնում ենք 1500 դրամ, հասնում ա ստեղ, դառնում ա 2300 դրամ, հետո էդ դուխին որ վաճառում ենք 3000 դրամ, 700 դրամ տակը փող ա մնում: Հլը մի մարդ էլ գալիս, կանգնում ասում ա՝ մի քիչ էժանացրա: Որ երկուսուկեսով տամ, ինձ 200 դրամ փող ա մնում մեջը: Դրանից իմ արենդի փողը՞ տամ, հարկը՞, թե՞ ինձ մնա, թե՞ բանկից վարկով վերցրած փողը փակեմ: Էսօր բիզնես անողների 99%-ը վարկով ա բիզնեսն անում»,-ասաց նա:                    

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է օրենքի վիճահարույց փոփոխությունները:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

 

Տպել
Ամենաշատ