News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի տոնավաճառների առեւտրականները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ իրենց բողոքը հայտնելու, դադարեցրին իրենց բողոքի ակցիան՝ որոշելով, որ հաջորդ անգամ կհավաքվեն հինգշաբթի՝ կրկին կառավարության շենքի մոտ:

Բողոքող քաղաքացիները նշեցին, որ վարչապետի հետ հանդիպումը չի գոհացրել իրենց,  խնդիրը մնում է առանց լուծվելու:

«Մինչեւ էդ թուղթը մեր աչքի առաջ չճղեն, մենք մեր բողոքը չենք դադարեցնի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Բողոքողները «մարդասպան, մարդասպան», «վարչապետ, վարչապետ» վանկարկելուց հետո հեռացան կառավարության շենքի մոտից:

Հիշեցնենք, որ բողոքող քաղաքացիներն այսօր հանդիպել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, նա առեւտրականներին ասել էր, որ օրենքի փոփոխությունները չեն կարող հետ կանչվել: Հանդիպումից հետո բողոքող քաղաքացիները փակել էին Տիգրան Մեծի պողոտան, ապա ոստիկանների կողմից ուժով հեռացվել ճանապարհից։

Առեւտրականները բողոքում են օրենքի փոփոխության դեմ, քանի որ նրանց պնդմամբ՝ նոր օրենքով իրենց շահույթը կպակասի, աշխատանքում հավելյալ բարդություններ կառաջանան:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է օրենքի վիճահարույց փոփոխությունները:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ