Ոստիկանության Դիլիջանի բաժնում սեպտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 61-ամյա Անդրանիկ Ղ.-ն եւ հայտնել, որ իր հորաքրոջ տուն է մտել մի երիտասարդ եւ դանակի սպառնալիքով գողացել 70.000 դրամ ու ոսկյա զարդեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել 70-ամյա Սվետլանա Պ.-ի տուն եւ դանակի սպառնալիքով պահանջել գումար ու ոսկեղեն, ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածք, այնուհետեւ Սվետլանա Պ.-ի ձեռքից քաշելով հանել է մատանին, հյուրասենյակի զգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից հափշտակել է 70.000 դրամ, իսկ զարդատուփից` արծաթյա 2 մատանի եւ տարբեր տեսակի զարդեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 42-ամյա Գեորգի Դ.-ն եւ 26-ամյա Գոռ Պ.-ն:
Գեորգի Դ.-ն եւ Գոռ Պ.-ն ձերբակալված են:
Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: