News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) համար Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանաշանակվելը սպասելի էր։ Այս մասին կառավարության նիստից հետո այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողներին ասաց Սուրիկ Խաչատրյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե սյունեցիները դեմ են նրա վերաշանակմանը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. «Վաղը եթե ձեզ համար դժվար չի, կգաք, կտեսնեք՝ սյունեցիները ընդունում են, թե ոչ։ ժողովուրդը դա մեծ հասկացություն ա, կարող ա մի փոքր մասն էլ չընդունեն։ Որտե՞ղ ա իդեալական լինում։ Լինո՞ւմ ա, որ 100 տոկոս իշխանավորին ընդունեն։ Թող տաս տոկոսն էլ չընդունեն։ Ի՞նչ կա դրա մեջ»։

Հարցին՝ հնարավո՞ր է սյունեցիների նման վերաբերմունքի պատճառը նրա անձի ու ընտանիքի հետ կապված վերջին իրադարձությունները լինեն, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ մի նորմալ, մտածող մարդ վերջին դեպքերի համար ինձ չի մեղադրի։ Պարոն Խաչատրյանը դրանց հետ ոչ մի կապ չունի։ Ոչ մեկին էդ իրավունքը տրված չի, որ զինված գնան, մարզպետի տան վրա հարձակվեմ»։

Սյունիքում, ըստ Սուրիկ Խաչատրյանի, հրատապ խնդիրները շատ են, եւ վերջին մեկ տարվա ընթացքում ինքը թեեւ մարզպետ չի եղել, բայց «պարապ չի նստել, եւ որոշակի խնդիրներ լուծել է»։ Նա խորհուրդ տվեց իր արած լավ գործերի մասին հարցնել չորրորդ բանակային կորպուսի հրամանատարին հարցնել, թե «արդեն երեք ամիս ինքը ինչ է արել սահմանների համար»։

Նշենք, որ կառավարության նիստից հետո հետնամուտքից դուրս եկող՝ Սյունիքի նորանշանակ մարզպետին դիմավորեցին մի խումբ երիտասարդներ, որոնք ցուցադրաբար մոտեցան ու շնորհավորեցին նրան։ Տոնական տրամադրությունը, սակայն, փչացրեց նրան մոտեցած առաջին լրագրողը, որն ուղղակի հարցրեց. «Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին»։

Սուրիկ Խաչատրյանը ակնհայտորեն շփոթվեց, ապա դիմեց լրագրողին. «Դու հո հոգեկան հիվա՞նդ չես, ի՞նչ ես խոսում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ