News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 7-ից 12-ը ֆրանսիացի խորհրդարանականների մի պատվիրակություն այցելեց Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներ սենատոր Ալեն Ներին / սոցիալիստ/ և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն / աջակողմյան UMP կուսակցություն/, ֆրանսիական Jolpress կայքի հետ զրույցում կիսվել են ճանաչողական բնույթ կրող այդ այցից ստացած իրենց տպավորություններով:

Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ շրջանակներում եք իրականացրել Լեռնային Ղարաբաղ այս այցը:

Ալեն Ների. Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված հանրապետությունը դեռևս միջազգային ճանաչում չի ստացել: Հետևաբար իմ գլխավորած պատվիրակությունը սեփական նախաձեռնությամբ էր գտնվում Լեռնային Ղարաբաղում` երկրի սոցիալական և ինստիտուցիոնալ իրականությանը ծանոթանալու և իրավիճակի կարգավորմանը նպաստող ուղիներ գտնել փորձելու նապատակով: Մեզնից երեքի համար սա առաջին այցն էր և երբեմն իրականությունից հեռու դիվանագիտական դիրքորոշումներից և հայտարարություններից այնդին` մեզ այն թույլ է տալու վկայել, թե ինչպես է իրականում ապրում տեղի բնակչությունը:

Ժակ Ռեմիլյե. Լիովին: Մեր այցը իրականացվել է խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում և դասվում է փորձագետների կողմից այսպես կոչված վստահության հիմնելուն ուղղված միջոցների շարքին: Դա որոշ առումով քաղաքացիական հասարակության կողմից Պետությունների և կառավարությունների վարած պաշտոնական դիվանագիտությանը ուղեկցելու կամ փոխարինելու ձև է: Բայց ինչ վերաբերում է ինձ, դա իմ հինգերորդ այցն էր Լեռնային Ղարաբաղ և կարող եմ վկայել դիտարկված փոփոխությունների մասին:

Ի նկատի ունեք Ադրբեջանի հետ հակամարտությունը և ընթացիկ բանակցություննե՞րը

Ժակ Ռեմիլյե. Ոչ. ես ի նկատի ունեմ ղարաբաղցիների հոգեվիճակի փոփոխությունը: Երկրի բնակչները սեփական ճակատագիրը իրենց ձեռքն են վերցրել և հարևան Հայաստանի օժանդակության կարիքը հետզհետե ավելի քիչ են զգում:  Այսօր հստակորեն երկիրը վարում է ինքնուրույն և անբարդույթ  քաղաքականություն, նույնիսկ եթե երկու երկրների միջեւ քաղաքական դաշինքը և հայրենակցական կապերն իհարկե առկա են: Մտածելակերպի այսպիսի փոփոխության արդյունքում Ղարաբաղն այսօր ավելի քան ինքնուրույն է, նկատելի է տնտեսական մեծ աշխուժություն: Երկիրն ակտիվորեն կառուցվում ու վերակառուցվում է: Այսօր արդեն, մասնավորապես խմելու ջուրը և ջրահեռացման համակարգը հասանելի է բնակչության 70 տոկոսին:

Ալեն Ների. Մենք օրինակ այցելեցինք Շուշի` երկրի հոգևոր մայրաքաղաքը, որտեղ գտնվում է Մշակույթի նախարարությունը: Չնայած իր հազարամյա պատմությանը, Շուշին կարելի է ասել նոր քաղաք է: Բացի այդ, մեզ ապշեցրեց նաև երկրում գյուղատնտեսության բնագավառի զարգացումը: Լեռնային Ղարաբաղը միջին լեռնային երկիր է, սակայն այնտեղ գրեթե ամենուր հանդիպում են վարելահողեր, հնարավորինս մշակվում է երկրի տարածքը: Իշխանությունների նպատակը պարզ է` հասնել ինքնաբավ մի կացության և հետևաբար սննդային անվտանգության:

Իշխանության ներկայացուցիչներից ու՞մ եք հանդիպել և ի՞նչ ուղերձ է փոխանցվել Ձեզ այդ շփումների ընթաքում:

Ալեն Ների. Հանդիպեցինք պետական հիմնական հաստատությունների ներկայացուցիչներին, Նախագահ Բակո Սահակյանին, Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Մասնակցեցինք նաև Ազգային ժողովի նիստին և ողջունում ենք դրա խիստ ժողովրդավարական բնույթը: Ինձ թվում է, որ այս ժողովուրդը և նրա ներկայացուցիչները որդեգրել են մեր ժողովրդավարական արժեքները, ազատության և Մարդու իրավունքներին մեր նվիրվածությունը: Դա լոկ խոսքեր չեն, խոսքը գնում է իսկապես ժողովրդավարական գործելակերպին, ինչն արժանի է հիշատակման, քանի որ բավական նշանակալի է տարածաշրջանի համար: Ինչ վերաբերում է ուղերձին, ապա այն կայանում է մեկ հիմնական իրողության մեջ. միջազգային հանրությունն այլևս չի կարող շարունակել Ադրբեջանի հետ հակամարտության քաղաքական լուծում  փնտրել ղարաբաղցիների ընտրյալ ներկայացուցիչների հետ երկխոսության բացակայության պայմաններում: Գիտեք, իրավիճակը ինձ հիշեցնում է Ալժիրում ապագաղութականացումը: Էվիանի համաձայնություններին հասնելու համար Ֆրանսիան ստիպված եղավ բանակցությունների սեղանի շուրջ նստել FLN-ի /Ազգային ազատագրական շարժում/ հետ: Այս իրականությունը չընդունելը, ինքնորոշման սկզբունքը մերժելը նույն բանն է ինչ ապրելը պատրանքների մեջ:

Ժակ Ռեմիլյե. Մենք պետք է փոխանցենք Ստեփանակերտում լսած ուղերձը : Ղարաբաղի իշխանությունները չեն խորշում նոր հանրաքվե կազմակերպելու գաղափարից, պատրասակամ են այն անել նաեւ տեղահանված ադրբեջանցիների մասնակցությամբ: Այդ տեսանկյունից, իշխանությունները ժողովրդավարության առումով շատ հասուն են թվում : Իհարկե, ինչպես ապագաղութականացման ցանկացած գործընթացում, քաղաքական և իրավաբանական համաձայնություններին մեկտեղ պետք է նախատեսել ժամանակացույց և ժամանակավոր միջոցներ : Բայց այն ինչ Լեռնային Ղարաբաղը այլևս չի ցանկանում, դա բռնատիրական օտարեկրյա մի պետության թշնամաբար տրամադրված ապօրինի իշխանությունն է :

Եզրափակելով` արդյո՞ք դուք լավատես եք, թե հոռետես:

Ալեն Ների. Կարելի է լավատես լինել, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում առկա է այս ոգին, քանի դեռ առկա է վերջինիս իշխանությունների՝ սեփական ժողովրդի նկատմամբ ստանձնած պարտասխանատվության խորը գիտակցումը: Գիտեք, այնտեղ խորհրդարանականները քաղաքականության արհեստավարժ մասնագետներ չեն: Խորհրդարանի նիստից հետո նրանցից ոմանք վերադառնում են իրենց մասնագիտական գործունեությանը և կարծում եմ, որ այդպիսով նրանք ավելի մոտ են իրենց ընտրողներին և առավել զգայուն` նրանց իրական կարիքներին հանդեպ : Իսկապես ափսոս, որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ սպառնալիք ներկայացնող միջավայրը ստիպում է, որ նրա երիտասարդության մի մասը երկու տարի անցկացնի բանակում և հակառակորդի կրակոցների ներքո : Այս արտաքին գործոնը արհեստականորեն ազդում է երկրի բնականոն և ներդաշնակ զարգացման վրա: Միջազգային հանրությունը պետք է ուժեղ ճնշում գործադրի, որպեսզի դադարեն սպառնալիքները. դրանք անարդյունավետ են բոլոր կողմերի համար:

Ես լիովին կողմնակից եմ ժողովուրների ինքնորոշման և ժողովուրդների` սեփական ճակատագիրը տնօրինելու սկբունքներին և կարծում եմ, որ ժամանակն է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հրավիրել բանակացությունների սեղանի շուրջ` Ադրբեջանի և Հայաստանի հետ մեկտեղ: Դա կարող է արվել Մինսկի խմբի նախաձեռնությամբ : Ես այդ մասին ասել եմ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում : Ասել եմ նաև և կարծում եմ, որ Արցախի ժողովրդի կամարտահայտումը, որին կարող են մասնակցել  տարհանված ադրբեջանցիները, կարող է հակամարտության լուծում լինել` իհարկե ժամանակ հատկացնելով ընդունված որոշումները կյանքի կոչելու համար` հետևելով  Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի օինակին : 

Ժակ Ռեմիլյե. Անձամբ ես շատ լավատես եմ և այդ լավատեսությունը ոչ թե տարծաքային և աշխարհաքաղաքական զարգացումների, այլ ղարաբաղցի ժողովրդի հոգեվիճակի զարգացման արդյունքն է : Այն ինչ տեսա՝ ինձ զարմացրեց. խոսքը բնակչության երիտասարդության մասին է, երիտասարդություն, որն աշխատում է, ունի սովորելու, արտաքին աշխարի հետ շփվելու, զարգանալու ծարավ : Կցանկանայի մասնավորապես նշել, որ Լեռնային Ղարաբաղը ֆրանսասեր է և ունի ֆրանսախոսության կենտրոն : Դրանում նաև տեսնում եմ նոր հնարավորություն մեր ձեռնարկությունների համար, ովքեր փնտրում են դեռևս քիչ զարգացած շուկաներ, ուր Ֆրանսիան չափազանց շատ են սիրում : Իսկապես ցանկանում եմ, որ Ղարաբաղի երիտասարդությունը հնարավորություն ստանա շփվել եվրոպացի երիտասարդների հետ : Մի մանրուք, բայց որը կարևոր է իմ նման ֆուտբոլասերի համար` մասնավորապես շատ ցանկալի կլիներ, որ UEFA-ն իր կազմն ընդուներ այս փոքր պետության ֆուբոլային թիմը : Դա ոչ միայն թույլ կտար օգտագործել Ստեփանակերտի մարզադաշտը, այլ նաև կնպաստեր ժողովուրդների մերձեցմանը :

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ