Սեպտեմբերի 23–ին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիների կողմից Նալբանդյան փողոցը փակելու առիթով հարուցված քրեական գործի շրջանակում բերման ենթարկված չորս առեւտրականները հարցաքննվել են որպես վկա եւ ազատ արձակվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ Սոնա Տռուզյանը չհայտնեց:
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ առեւտրականների բողոքի ակցիայից որոշ ժամանակ անց ոստիկաններն այցելել են տոնավաճառներ և 4 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։