News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին: Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնն այս անգամ կրում էր «Լեզու եւ հայրենիք» խորագիրը եւ նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին:

Ողջույնի խոսքում երկրի վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2008 թվականից ի վեր` Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից փառատոնին մասնակից աշակերտների թիվը 3 հազարից այսօր արդեն հասել է 200 հազարի:«Մենք փորձելու ենք ավելի զարգացնել այս ժողովրդական միջոցառումը եւ, ընդլայնելով աշխարհագրությունը, ներգրավել նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին», - նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ասմունքի փառատոնը նպաստում է մայրենի լեզվի պահպանմանը, հայ ժողովրդի միասնականության ամրապնդմանը եւ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այդ գործում ունեցած կարեւոր վաստակի համար:

Վարչապետը շնորհավորել է մրցույթ-փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ: «Գրան պրի» մրցանակին, 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար նախատեսված մրցանակներին արժանացած դպրոցականներին եւ փառատոնի ամենակրտսեր մասնակցին Հովիկ Աբրահամյանը պարգեւատրել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով եւ խրախուսական մրցանակներով: Լավագույնը ճանաչված մյուս աշակերտները եւս արժանացել են խրախուսական մրցանակների:

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնների կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը եւ Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը խրախուսվել են ՀՀ վարչա¬պետի շնորհակալագրով, իսկ ասմունքի փառատոնի ծրագրի հեղինակ, ժյուրիի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ