News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը։ Մինչեւ կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ «Ակունք», «Սասուն», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» եւ այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փառատոնի կայացմանն աջակցության համար կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին եւ պետական այլ կառույցների։

«Շատ ուրախ ենք, որ Երեւան քաղաքում հերթական գեղեցիկ փառատոնն է կայանում։ Վստահ եմ, որ այն կդառնա ավանդական: Այդ մասին է հուշում նաեւ հանդիսատեսի ոգեւորությունն ու ակտիվ մասնակցությունը փառատոնին։ Հավատացնում ենք, որ շարունակական է լինելու նաեւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը յուրաքանչյուր նման գեղեցիկ նախաձեռնությանը»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

«Միրո» ազգային երգարվեստի կենտրոնի նախաձեռնած փառատոնն անցկացվել է Կասկադում՝ Գաֆեսճյան քանդակների պուրակում։

Ազգագրական երգի-պարի առաջին փառատոնին ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ