News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Նոյեմբերի 5-ի գործով» դատական նիստից մոտ մեկ ժամ առաջ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Ազատությունն սկսվում է քաղբանտարկյալների ազատությունով» «Ազատություն Շանթ Հարությունյանին» գրությամբ պաստառներով մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքացիները բողոքի ակցիան սկսել են ՀՀ օրհներգով, նրանք վանկարկել են բոլոր քաղբանտարկյալների անունները՝ պահանջելով ազատել նրանց։ Բողոքի ակցիային մասնակցում են Նախախորհրդարանի անդամներ, ազատամարտիկներ:

«Ինչքան էլ փորձեն կոծկել, ակնհայտ է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Ոչ մի երկրի քրեական օրենսգրքում քաղբանտարկյալների վերաբերյալ ոչ մի հոդված չկա: Ցանկացածին էլ դատում են ինչ որ այլ՝ շինծու բանի համար: Եթե այս իշխանությունները մնան, ապա քաղբանտարկյալների թիվը կավելանա»,-լրագրողներին ասաց ազատամարտիկ, Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը:

Անդրադառնալով Շահեն Հարությունյանին 5 տարի ազատազրկելու՝ դատախազի պահանջին՝ նա նշեց, որ դա մանկապղծություն է:

«Այլ որակում չի կարելի տալ: Տեսեք՝ մի դեպքում Սուրիկ Խաչատրյանն ազատության մեջ է, հիմնավորել են, թե ինքն իրեն պաշտպանել է, մյուս կողմում, երբ 15 տարեկան պաշտպանում է իր հորը, նա արդեն 5 տարվա դատապարտման ենթակա է: Սա արդեն սրբապղծություն է»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց նպատակը քաղբանտարկյալների պատիժը մի քանի տարով ավելացնելը կամ պակասեցնելը չէ, նրանք ցանկանում են ազատագրել Հայաստանը եւ այդ ազատագրման ճանապարհին ազատամարտիկները Շանթն են ու իր ընկերները:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանական ճառերով պետք է հանդես գան մի քանի պաշտպաններ:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

Տպել
Ամենաշատ