News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ստորագրահավաք է սկսել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենք ընդունելու պահանջով։ Այսօր՝ հոկտեմեբրի 1-ին, կազմակերպության անդամները եղել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, իրազեկել քաղաքացիներին եւ կոչ արել միանալ ստորագրահավաքին։

«4 տարի առաջ՝ հոկտեմբերի 1-ին, մահացավ Զարուհի Պետրոսյանը, եւ դա Հայաստանում ընտանեկան բռնության առաջին դեպքն էր, որի մասին բարձրաձայնվեց, եւ ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան։ Այս նախաձեռնության նպատակն այն է, որ Կառավարությունը հոկտեմբերի 1-ը հռչակի ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»,- NEWS.am-ին ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը։

Նրա խոսքով, Երեւանի տարբեր վարչական շրջաններում կազմակերպված այս ստորագրահավաքի ընթացքում իրենք նկատել են հետաքրքրվածություն կանանց կողմից, մինչդեռ տղամարդիկ ավելի ագեսիվ են՝ պնդելով, որ եթե կինը բռնության է ենթարկվում, ուրեմն ինքն է մեղավոր։

«Շատ կանայք մոտենում եւ ասում են, որ այո, ճիշտ եք անում, սա պետք է արվի, միանում են ստորագրահավաքին, իսկ տղամարդիկ ավելի հաճախ ասում են՝ «տեսնես ի՞նչ էր արել կինը, որ բռնության է ենթարկվել, շատ էլ ճիշտ են անում, բերանները չեն կարող փակել, դրա համար էլ բռնության են ենթարկվել»։ Անգամ վարչական շրջաններից մեկում մեր ակտիվիստներից մեկի վրա մի տղամարդ հարձակվեց՝ ասելով, որ  դուք էլ հիմա էնքան եք ձեր լեզվին տալիս, որ սպանվելու արժանի եք»,- ասաց Նվարդ Մարգարյանը։

NEWS.am-ի հարցումը ստորագրահավաքին մասնակցող քաղաքացիների շրջանում ցույց տվեց, որ շատերի կարծիքով՝ Հայաստանում այդ խնդիրն նախկինի նման սուր չէ։

«Հայաստանում հիմա ընտանեկան բռնության մակարդակը նվազել է, նախկինում, կարելի է ասել ընդունված էր, որ կնոջը պարբերաբար ծեծի ենթարկեին, բայց հիմա ինչ-որ առումով շտկվել է այդ վիճակը, բայց օրենքի անհրաժեշտություն, բնականաբար, կա։ Ուղղակի չեմ կարծում, որ Հայաստանում հնարավոր է, որ ստորագրահավաքն արդյունք տա, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ ժողովուրդը ոչ մի արդյունքի չի հասնում»,- ասաց ստորագրահավաքի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ նախաձեռնության կազմակերպիչները անցորդներին ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ բուկլետներ եւ թռուցիկներ էին բաժանում։ Նրանք իրենց հետո բերել էին պաստառներ՝  «Ընտանեկան բռնությունից տուժում են մեր մայրերը եւ ողջ հասարակությունը», «Իրավունք ունենք հարգանքի, այլ ոչ թե ծեծի», «Ամոթ է ուրիշին ծեծել, դա տկար մարդու վարք է» գրություններով։

Տպել
Ամենաշատ