News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում ռեսուրսներ չի կարելի խնայել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Սփյուռքի նախարարություն այցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:

Մինչ այդ վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ եւ կարեւորել գերատեսչության դերը հայապահպանության գործում: Վարչապետը նշել է, որ շարունակելու է աջակցել Սփյուռքի նախարարությանը՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն կյանքի կոչելու գործում:

Խոսելով Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը ողջունել է նաեւ Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:

«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում եւս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու եւ առկա խնդիրները հաղթահարելու համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը, բարձր գնահատելով Սփյուռքի նախարարության անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները, կարեւորել է գերատեսչության դերը նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: «Այս եռամիասնության ամրապնդումն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետեւ վարչապետը Հրանուշ Հակոբյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով եւ հանձնել նախարարության աշխատակազմը համալրած նոր քաղծառայողների վկայականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ