News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիի Թատերական հրապարակը հոկտեմբերի 8-ին եռյակի հանրահավաքին բազմամարդ չի լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Հարցին, թե Գյումրիում եռյակին սառը ցնցուղ սպասվում է, նա պատասխանեց, որ ոստիկանապետի հայտարարությունը վերաբերում է  ամբողջ համակարգի մարտավարությանը: «Եթե լինի հասարակական կարգի խախտում, արտառոց անշնորհք բաներ, հանցագործության դեպքեր, իհարկե, ոստիկանությունը իր ամբողջ պոտենցիալը, գործառույթները կկիրառի: Կրկնելով ոստիկանապետի խոսքերը, իմ կարծիքն էլ է միանշանակ, յուրաքանչյուր քաղաքական, տնտեսական, արդարացի կամ անարդարացի պահանջ հարկավոր է ներկայացնել քաղաքակիրթ ձեւով, ոչ թե գոռալ, գոչել, առավել եւս՝ հասարակական կարգ խանգարել, ճանապարհ փակել, կոչեր անել բռնի գործողությունների: Բա մենք ինչի՞ համար ենք, որպեսզի կարգուկանոն պահպանենք»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե եթե եռյակը օրենքից դուրս գործողություններ անի, սառը ցնցուղը կապահովեք. Վարդան Նադարյանը նկատեց. «Սառը ցնցուղը ո՞նց եք հասկանում, կոնկրետ սառը ցնցուղ չունենք, կապահովենք օրենքի ամբողջ կիրառումը եւ մեզ տրված բոլոր իրավունքները, գործառույթները, բա իհարկե կապահովենք: Չենք թողնի անկայունանա վիճակը, որ սահմանին էլ թշնամին ոգեւորվի, ուրախանա, գործողություններ անի»,-ասաց նա:

Շիրակի ոստիկանապետը վստահ է, որ Գյումրիում եռյակի հանրահավաքը թեժ կանցնի՝ դատելով հիմիկվա իրավիճակից: Ինչ վերաբերում է հանրահավաքին մեծաթիվ ոստիկանների հսկողությանը, նա նշեց, որ ցանկացած նման դեպքում հսկողություն է  իրականացվում, կանխարգելիչ միջոցառումներ են անում, ծառայություն են իրականացնում, որպեսզի ապահովեն հավաքների անվտանգությունը, պահպանեն հասարակական կարգը:

Նա նշեց, որ շատ քիչ անձնակազմ են կիրառելու հանրահավաքին, քանի որ վստահ են, որ ժողովուրդը գիտակից է, օրենքից դուրս քայլեր չի անի եւ հրահրողներին չի լսի:

Տպել
Ամենաշատ