News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում չկա մի դատավոր, որը համարձակվի նախագահի գործողությունները համարել օրենքին հակասող: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին,  NEWS.am-ի հետ զորույցում ասաց «Նոյեմբերի 5-ի գործով» մեղադրյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կոլումբիայի համալսարանում արած այն հայտարարությանը, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ չէ, նա խուլիգանություն է կատարել:

«Ժողովրդավարական հասարակությունում դատարաններն անմիջապես կարձագանքեին, եւ դատարանները չէին էլ հասցնի, ես կարծում եմ, առաջին հերթին հենց երկրի նախագահը կարձագանքեր»,- նշեց Արա Զաքարյանը:

Փաստաբանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը նման պատասխան է տվել, քանի որ  ուսանողի հարցն անակնկալի է բերել նրան:

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարող է սխալ թույլ տալ. անձի մեծությունը կայանում է նրանում, որ նա ոչ միայն ընդունի իր սխալը, այլ նաեւ համապատասխան գործողություններով շտկի հետեւանքները: Ես սպասում էի, որ մոտակա օրերս նախագահը դրա վերաբերյալ նորից հայտարարությամբ հանդես կգա, բայց  լռությունը խոսում է այն  մասին,  որ նախագահը համարում է, որ այն ինչ ասել է, ճիշտ է ասել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

Տպել
Ամենաշատ