News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում կառավարության հետ հացուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ դիմելով կառավարությանը հռետորական հարց է հնչեցրել, թե « Չէ՞ր գտնվի մի աշխատանք ձեր կառավարությունում՝ մարզպետի կամ այլ»:

Նա սկզբում հայտարարեց, որ մի քաղաքացի բավականին երկար ժամանակ անհանգստացնում է իրեն՝ խնդրելով աշխատանքի տեղավորել: Փաշինյանը կարդաց այդ քաղաքացու կենսագրությունը՝ բազմաթիվ հանցագործությունների շարք, իսկ վերջերս էլ նա իր տան մոտ մարդ է սպանել եւ նրա անունը Սուրիկ Խաչատրյան է: «Ասեմ, որ այդ քաղաքացու անունը Սուրիկ է, 7 մլրդ քյաշ փող ունի: Չէ՞ր գտնվի մի աշխատանք ձեր կառավարությունում՝ մարզպետի կամ այլ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է հստակեցնել հարցը, որպեսզի կարողանա պատասխանել, ընդդիմադիր պատգամավորը նշել է. «Մարդու կենսագրականը ներկայացրի, ասեմ նաեւ հիմնավոր է, գրեթե նույնատիպ՝ մոտ 99.9% կամ ավելի համընկնում է այն մարդու կենսագրության հետ, որ նշանակել եք Սյունիքի մարզպետ: Մտածեցի, որ այդպիսի կենսագրություն ունեցող բոլոր մարդիկ կարող են ձեր կառավարությունում պաշտոն ստանալ»:

Փաշինյանը կառավարությանն առաջարկ է արել. «Կարելի է հանցագործներին, կրկնահանցագործներին կառավարությունում բարձր պաշտոններ տալ, գուցե դա նպաստի նրանց ուղղմանը: Օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանին նշանակել են մարզպետ: Իմ ձեռքին ոստիկանությունից կա 3 տեղեկանք՝ նրա դատվածություններ մասին, բայց այսօր մարզպետարանի կայքում նրա պաշտոնական կենսագրությունում ձեր բարձրաշխարհիկ կառավարության հետ շփման ընթացքում ստացվել է, որ նա ներկայացրել է գիտական աշխատանք եւ ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Եթե չենք կարողանում հաղթահարել, գուցե տանում ենք կառավարություն ու ռեցիդիվիստից դառնում են մարզպետ»:

«Ես ինքս եմ Սուրիկ Խաչատրյանին նշանակել եմ վարչապետի պաշտոնում… էէէէ, մարզպետի պաշտոնում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ համոզվածություն հայտնելով, որ նա լավ կաշխատի: Նրա խոսքով՝ Սյունիքի մարզպետի մասին կան հակասական մոտեցումներ: «Բայց մեր ուսումնասիրությունների արդյունքում սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել նրան տեսնել մարզպետի պաշտոնում: Իսկ ինչ այլ տեսակետ կա, դա ձեր մոտեցումն է»,-ասել է վարչապետը:

Տպել
Ամենաշատ