News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում կան Հանրապետական պատգամավորներ, որոնք մտահոգված են «Շրջանառության հարկի մասին» օրենքի առաջացրած խնդիրներով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ շենքի մոտ հավաքված, օրենքի դեմ բողոքող առեւտրականների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը շենքից դուրս էր եկել քաղաքացիների խնդրանքով։

«Բոլոր ուժերի կողմից մտահոգություն կա, Հանրապետական պատգամավորների գոնե մի մասը ցույց է տալիս, որ մտահոգություն կա: Ոչ պաշտոնական խոսակցություներում ասում են, որ խնդիր տեսնում են, խնդիր կա հատկապես երբ կիլոգրամով է մաքսազերծում իրականացվում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ Հանրապետականների խոսքով՝ օրենքը լավ նպատակով է ստեղծվել, պարզապես թյուրիմացություն կա, որը կարող է շտկել միայն խորհրդարանական մեծամասնությունը եւ Կառավարությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքն օրենքի  ընդունման ժամանակ ձեռնպահ է քվեարկել՝ հասկանալով, որ մի կողմից կան դրական փոփոխություններ, մյուս կողմից՝«փաթեթում որոգայթներ կան»:

Անդրադառնալով Ֆինանսների նախարարությանը տված Հովիկ Աբրահամյանի այն հանձնարարությանը, որ հարկային ծառայության աշխատակիցներն անհիմն ստուգումներ չիրականացնեն եւ  չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա լուծում չէ, եւ այստեղ կան վտանգներ:

«Ճիշտ տարբերակ չէ, որ ստուգող մարմնի հայեցողության վրա է մնում: Ոչ մի երաշխիք չկա, որ այդ մարդկանց, լծակներ օգտագործելով, շուկայից չեն հանի, քանի որ այդ ոլորտում ներգրավված են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ ֆինանսների նախարարի հարազատները»,- զրույցի վերջում ասաց Նիկոլ Փաշինյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ շենքի՝ Դեմիրճյանի փողոցից մուտքի մոտ շարունակում են  հավաքված մնալ հարյուրավոր առեւտրականներ, որոնք վանկարկում են՝ «կասեցում, կասեցում», «վարչապետ, վարչապետ»՝ պահանջելով հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Ամենաշատ