News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը երախտապարտ է միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա պետություններին՝ գերությունից իր ազատ արձակմանն աջակցելու համար:

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հակոբ Ինջիղուլյանն իրեն դիմավորելու եկած բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմեց գերության ընթացքում վերապրածը: Նա ընդգծեց, որ հայրենիք վերադառնալու որոշումն ինքնուրույն է ընդունել:

Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ մտադիր է շարունակել հայկական Զինված ուժերի շարքերում ծառայությունը՝ լրացնելով մնացած 9 ամիսները: Առողջական վիճակի մասին հարցին պատասխանեց, որ «լավ» է:

Կրկին հավաստելով, որ անցյալ տարվա չարաբաստիկ այդ օրը՝ օգոստոսի 8-ին, մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում, Ինջիղուլյանը պատմեց ադրբեջանական գերության ընթացքում ենթարկված ճնշումների մասին:

«Ասում էին՝ եթե չանես այնպես, ինչպես մենք ենք ասում, հովվի բախտին կարժանանաս (ադրբեջանական բանտում զոհված Մանվել Սարիբեկյան - խմբ.)»,- նշեց Ինջիղուլյանը: Նա նշեց, որ իր գերությունից կարճ ժամանակ անց հայտնված «հարցազրույցը» տվել է սպառնալիքի ներքո: Գերության մեջ փորձել են նաեւ նրանից տեղեկություններ ստանալ:

Բացի այդ, ադրբեջանական հատուկ ծառայություններն Ինջիղուլյանի հետ համապատասխան «աշխատանք» են տարել: «Մինչեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակների այցելությունն ինձ ասում էին, թե ինչ խոսեմ նրանց մոտ: Ընտանիքիցս նամակներ էին կարդում: Թելադրում էին նամակները, որոնք ես գրում էի»,- պատմեց Ինջիղուլյանը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին խնդրում էր արագացնել երրորդ երկիր փոխանցելու գործընթացը:

Հարցին, թե ինչու էր ստիպված ընտրել երրորդ երկիրը, այլ ոչ թե անմիջապես վերադառնալ Հայաստան, Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց, որ իրեն ստիպել են այդպես վարվել: «Սպառնացին: Ասացին, որ «եթե փորձես փախչել գերությունից կամ ցանկանաս վերադառնալ Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում»: Այդ պատճառով ես գնացի երրորդ երկիր, իսկ հետո վերադարձա Հայաստան»,- տեղեկացրեց Ինջիղուլյանը:

Հակոբի խոսքով՝ իրեն ռազմական օբյեկտում էին պահում: Այնտեղ նաեւ այլ հայերի է տեսել: Ինջիղուլյանը, սակայն, չասաց, թե ովքեր էին նրանք:

«Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, միայն Հայաստան»,- ընդգծեց Ինջիղուլյանը:

Նշենք, որ դիմավորողները Հակոբ Ինջիղուլյանին ողջունում էին բուռն ծափերով եւ Հայաստանի դրոշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ