News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ արդեն երեք օր բողոքող, մանր ու միջին բիզնեսով զբաղվող գյումրեցի առեւտրականներին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, վերջապես հանդիպեց այն բանից հետո, երբ առեւտրականները փակեցին մարզպետարանի դիմացի փողոցը, եւ բախումներ տեղի ունեցան նրանց ու ոստիկանների միջեւ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ֆելիքս Ցոլակյանը առեւտրականների հետ բանակցելուց հետո համոզեց նրանց 20 հոգով իր մոտ բարձրանալ զրուցելու։ Մարզպետն իր աշխատասենյակում առեւտրականներին հորդորեց հարցին մոտենալ «սթափ դատողությամբ»։

«Դուք այս ամենը խելքո՞վ եք անում, պահանջ ունեք, գրեք, ստորագրեք, տվեք կառավարությանը, ինչո՞ւ եք ճանապարհ փակում։ Ես հասկանում եմ՝ ունեք դժգոհություն, բայց հարցն այդպես չեն լուծում»,- ասաց մարզպետը։

Ֆելիքս Ցոլակյանը նաեւ տեղեկացրեց, որ առեւտրականների հետ հանդիպելու համար շուտով մարզպետարան կժամանի ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Քննարկմանը մասնակցում է նաեւ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը։

Մոտ տասը րոպե լրագրողների ներկայությամբ առեւտրականների հետ զրուցելուց հետո մարզպետը դուրս հրավիրեց լրագրողներին եւ այժմ առեւտրականների հետ փակ քննարկում է անցկացնում։ Հարյուրավոր առետրականներ մարզպետարանի շենքի դիմաց սպասում են հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ