News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները, որոնց այսօր՝ հոկտեմբերի 2-ի առավոտյան, ոստիկանները թույլ չէին տվել ավտոերթ իրականացնել Պռոշյան փողոցում, ստիպված եղան քայլերթով հասնել Ազգային ժողովի շենք։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ ԱԺ շենքի մոտ պատգամավորներին հիշեցրին, որ կոճակ սեղմելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ օրենքի օգտին են քվեարկում, մասնավորապես, իրենց բողոքը հայտնելով վերջերս հավանություն ստացած օրենքի այն դրույթի վերաբերյալ, որով երթեւեկության կանոնների խախտման տուգանքը չվճարելու դեպքում ակտը միանգամից ուղարկվում է ԴԱՀԿ: Նշենք, որ նախկինում այն նախ ուղարկվում էր դատարան, եւ վարորդը հնարավորություն էր ունենում այն բողոքարկելու, իսկ այժմ, երբ ակտը միանգամից ուղարկվում է ԴԱՀԿ, դառնում է անբողոքարկելի, իսկ դրա մասին ծանուցում չստացած քաղաքացիները հայտնվում են անելանելի դրության մեջ:

«Պարոնայք կոճակ սեղմողներ, դուք ոստիկանությանը վերապահել եք արդարադատության ֆունկցիաներ, եւ իրենց կայացրած որոշումները ԴԱՀԿ-ն ընդունում է՝ որպես վերջին ճշմարտություն: Սա ոչ ոստիկանության, ոչ էլ ԴԱՀԿ-ի մեղքն է, սա ձեր կոճակ սեղմելու արդյունքն է: Ձեր գործառույթներն իրականացնելուց առաջ մտածեք, թե ինչ կոճակ եք սեղմում եւ ինչի համար: Ձեր անիմաստ գործողությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց գործերը գտնվում են ԴԱՀԿ ծառայությունում: Հազարավոր մարդիկ զրկվել են իրենց ունեցվածքը կառավարելու իրավունքից»,- ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը՝ կոչ անելով վերանայել այդ դրույթը:

Վարորդները պահանջում են նաեւ համաներել վարչական իրավախախտումների մասով հնգապատկված ակտերը։

«Դուք երկու տարբերակ ունեք՝ կամ գնում եք բժշկի, կամ ի վերջո արձագանքում եք մեր 5 ամսվա պահանջին: Եթե հարկային համաներում եք անում ձեզ համար, մեզ համար էլ այս համաներումն արեք: Ձեր իրավասության տակ է համաներում հայտարարելը: Ձեր գեներալներից մեկի խոսքերով՝ մի անգամ էլ գոնե ժողովրդի սրտից մի բան արեք, էլի: Այսօր այնպես է ստացվել, որ մեր օրենքները բխում են ձեր շահերից»,-  հայտարարեց Վարդան Հակոբյանը:

Այս պահին հավաքվածները վերադառնում են Պռոշյան փողոց, որտեղ թողել են իրենց ավտոմեքենաները։

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել վճարովի կայանատեղիների կարմիր գծերը եւ մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում սահմանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ