News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Թեեւ Շիրակի մարզետ Ֆելիքս Ցոլակյանը խոստացել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Շիրակի մարզից ընտրված ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մարզպետարան է գնալու՝ մասնակցելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ արդեն երեք օր բողոքող գյումրեցի առեւտրականների հետ մարզպետի եւ ոստիկանապետի  հանդիպմանը, պատգամավորը, սակայն, այդպես էլ մարզպետարան չգնաց։ 

Գյումրեցի առեւտրականներին փոխանցեցին, որ նա Գյումրիի իր գրասենյակում սպասում է իրենց։ Գրասենյակի մոտ հասնելով՝ գյումրեցիները սկսեցին բղավոցներով դուրս հրավիրել պատգամավորին. «Արի, թագավոր, դուրս արի, տեսնենք՝ ինչ ունես պատասխանելու»։

Սուքիաս Ավետիսյանը գրասենյակից դուրս եկավ, սակայն չիջավ գյումրեցիների մոտ, աստիճանների վերեւում կանգնած հարցրեց. «Յա, ի՞նչ է էղէ օր»։

Առեւտրականները վիրավորվեցին պատգամավորի վերաբերմունքից. «Նախ բարեւի, հետո խոսենք։ Էդ ի՞նչ խղճով ընդունեցիր էդ օրենքը»։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատգամավորը բավական կոպիտ էր խոսում հավաքվածների հետ, գյումրեցիները նրանից հետ չէին մնում։

«Եթե եկել եք, որ վիրավորենք իրար, չեմ պատրաստվում լսել ձեզ, 20 հոգով եկեք մոտս, նստենք, խոսանք»,- առաջարկեց պատգամավորը, սակայն գյումրեցիները հրաժարվեցին։

«Մենք քու գրպանդ կմտնինք, կհաշվի՞նք քու փողերդ, դու ինչի՞ մտար մեր գրպանը, խիղճ ունի՞ք Հանրապետականներդ»,- բղավում էին առեւտրականները։

Պատգամավորը փորձեց բացատրել, որ դա լավ օրենք է, իրականում առեւտրականների օգտին է, սակայն առեւտրականները հրաժարվեցին լսել նրան։

«Այ Սուքիաս, գնա դու քո խանութներիդ հարկայինի փողերը տուր»,- նկատեց գյումրեցիներից մեկը՝ նշելով, որ պատգամավորը բազմաթիվ խանութներ ունի, ինչից Սուքիաս Ավետիսյանը «զարմացավ». «Ես ի՞նչ խանութ ունեմ, տեղը ցույց տուր գնամ, տեսնեմ»։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Ամենաշատ