ՀովիկԱբրահամյանը «Շրջանառության մասին հարկի» դեմ բողոքող առեւտրականներին խոստացել է երեք օրվա ընթացքում քննարկել օրենքի ընդունումից հետո առաջացած փաստաթղթավորման հետ կապված դժվարությունները եւ երեք օրից պատասխանել, թե ինչ լուծումներ կարող են իրենք առաջարկել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կառավարության շենքի դիմաց հավաքված բողոքող առեւտրակններին տեղեկացրեց վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած երեք առեւտրականներից մեկը՝ Սամսոն Գրիգորյանը:
«Մենք վարչապետին բացատրեցինք, որ չենք կարող փաստաթղթերը ցույց տալ, բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Վարչապետը շատ հետաքրքրված էր, զարմացած էր, որ փաստաթղթավորման հետ կապված տենց խնդիրներ կան: Խոստացավ, որ երեք-չորս օրից մեզ պատասխանելու է, եւ ամեն ինչ լավ է լինելու»,-հավաքվածներին ասաց Սամսոն Գրիգորյանը: Վարչապետը նաեւ ասել է, որ օրենքը միանգամից փոխել չեն կարող, պետք է քննարկումներ անցկացվեն, ստուգեն առեւտրականների ասածների հավաստիությունը:
Առեւտրականները վարչապետի խոստմանը թերահավատորեն մոտեցան, նրանք հայտարարեցին, որ չեն հավատում վարչապետի խոստմանը:
«Նորից փափուկ բարձ դրեց գլխներիս տակ»,-ասացին առեւտրականներից ոմանք:
Այնուամենայնիվ, առեւտրականները որոշեցին սպասել վարչապետի պատասխանին եւ երեք աշխատանքային օր հետո կրկին հավաքվել Կառավարության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։