News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Փոքր թատրոնի բեմում հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին ներկայացվելու է առաջին ներառական պարախումբը՝ «Մի լքիր ինձ» («Ne Me Quitte Pas») ներկայացմամբ: Ներկայացման պրեմիերան կայանալու է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում եւ ցուցադրվելու է նաեւ հոկտեմբերի 4-ին ու 5-ին, ժամը 19:00-ին:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի խոսքով՝ իր համար մեծ հաճույք է Հայաստանում այդ նախագիծը ներկայացնելը:

«Նախագիծը, որին աջակցում է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, հատուկ տեղ է զբաղեցնում աշնանային միջոցառումների շարքում: Այդ ծրագրի խրախուսումը շատ կարեւոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդիկ չպետք է սահմանափակ լինեն իրենց երազանքներում: Հաշմանդամությունը չի խանգարում տաղանդներին կամ ձեռքբերումներին»,- ընդգծեց դեսպանը:

Քեթրին Լիչը ողջունեց Երեւանի Փոքր թատրոնի եւ Մեծ Բրիտանիայի Քանդուկո թատրոնի համագործակցությունը՝ նշելով, որ ուրախ է այդ փորձը Հայաստան բերելու հնարավորության առիթով:

Քանդուկոյի ներառական պարախմբի պարի ուսուցիչ Վիկտորիա Մալինի խոսքով՝ Քանդուկոն աշխատում եւ համագործակցություն է նախաձեռնում ամբողջ աշխարհում: «Շատ շնորհակալ եմ, որ ավելի քան մեկ տարի հնարավորություն ունեցա Հայաստանում աշխատել նման զարմանալի խմբի հետ»,- նշեց Վիկտորիա Մալինը:

Երեւանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն իր հերթին ընդգծեց, որ նախագիծն իր համար հետաքրքիր փորձ էր: «Նախագիծն ինձ համար նոր ուղիներ բացեց որպես արվեստի գործչի: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես էին խնդիրներ ունեցող մեր պարողներն ու դերասանները զարգացնում իրենց հմտությունները, ինչպես էին կյանքը նոր գույնով տեսնում»,- Նշեց Բադալյանը:

Բրիտանական խորհրդի հայկական մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով՝ «Ne Me Quitte Pas» նախագիծը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից: Մեծ ներդրում է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, համաֆինանսավորել է Հայաստանի Մշակույթի նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ