News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքին միացել են նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի առեւտրականները, որոնք այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առավոտից փակել են առևտրի կետերը եւ դուրս եկել բողոքի ակցիայի։

«Էս ի՞նչ նոր օրեքներ են հնարել, ես ո՞նց կարող եմ ամեն ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնել, եթե ամեն բան մի տեղից եմ գնում, առանձին անհատներից։ Շատերս պտուղ-բանջարեղենի վաճառքով ենք զբաղվում։ Ապրանքն առնում եմ շուկայից, մի 50 դրամ ավելացրած ծախում իմ խանութում։ Ումի՞ց ֆակտուրա վերցնեմ, որ ցույց տամ» - NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքող առեւտրականներից մեկը։

Առեւտրականները NEWS.am-ին ասացին, որ վաղն  առավոտյան կբացեն խանութները ու կաշխատեն՝ սպասելով մինչև վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոստացած երեք օրում պատասխանի, թե ինչ լուծում կարող են առաջարկել։

Առևտրականները հայտարարել են, որ եթե խնդիրը չլուծվի, իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի, կփակեն  խանութները, հնարավոր է նաեւ՝ Սեւան-Երեւան մայրուղին։

Նշենք, որ առեւտրականների բողոքն այսօր խուճապ էր առաջացրել Սեւանի բնակիչների շրջանում, հատկապես հացի վաճառակետերի փակ լինելու պատճառով։ Սևանում այսօր բաց են եղել միայն դեղատները, վարսավիրանոցները և բանկերը, իսկ հաց գնելու համար սևանցիներն առավոտից հերթ են կանգնել հացի գործարանի դիմաց:

Նշենք, որ Սեւանում մանր ու միջին բիզնեսով զբաղվողները հոկտեմբերի 1-ին նույնպես բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով  «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքում կատարված փոփոխություններից:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ