News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհասկանալի է, թե ով եւ ինչու է կարծում, որ Երեւանի Փակ շուկան փչացրել են: Այս մասին հոկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչու է օմբուդսմենի գրասենյակը 2013 թվականի իր զեկույցում շուկայի վերանորոգումն իրավախախտում անվանել:

«Ես այնտեղ եղել եմ վերանորոգումից անմիջապես հետո եւ չեմ  նկատել, որ շուկայի ճակատամասը փոխված լիներ: Ներս մտա եւ ուրախացա՝ տեսնելով, թե ինչպես է բարեկարգվել ինտերիերը: Նախկին առնետանոցի փոխարեն հիմա մաքրություն ու կարգուկանոն է»,- ասաց Մկրտչյանը: Թե ինչպես է նա շենքի ճարտարապետական փորձաքննություն անցկացրել՝ չլինելով մասնագետ, պատգամավորը չհստակեցրեց:

Այս առիթով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ գնահատականն ամենեւին էլ թելադրված չէ անձնական ճաշակով՝ իր կամ մեկ այլ անձի: «Մեր ձեռքում Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի փաստաթղթերն են հետեւյալի մասին. շենքի վերակառուցումը, այն տեսքով, ինչպես այն կատարել են, ճարտարապետական նորմերի խախտում է: Հետեւաբար՝ քաղաքացիների բողոքն արդար էր, եւ Ոստիկանությունը պետք է հաշվի առներ դա»,- ընդգծեց Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի աշնանը Երեւանի Փակ շուկան վերաբացվեց՝ արդեն որպես «Փակ շուկա» սուպերմարկետ, որը պատկանում է պատգամավոր եւ գործարար Սամվել Ալեքսանյանին: Նորոգման աշխատանքների ժամանակ շենքի արտաքին տեսքը չի փոխվել, սակայն ներսում զգալի փոփոխություններ են կատարվել, որոնք հակասում են հուշարձանների պահպանության նորմերին:

«Փակ շուկա»-ն (կամ, պատգամավորի պատկերավոր արտահայտությամբ՝ «առնետանոցը») ստեղծվել է 1952 թվականին, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գրիգորի Աղաբաբյանի նախագծով: Երեւանի խորհրդանիշերից մեկը դարձած շենքն ընդգրկված է քաղաքի պատմական հուշարձանների ցանկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ