Դիլիջանի UWC միջազգային դպրոցի համահիմնադիր, ձեռներեց եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը համոզված է, որ դպրոցի նախագիծը կայացել է հավատ ունենալու, չվախենալու եւ այն մարդկանց օգնության շնորհիվ, որոնք այսօր դարձել են դպրոցի դոնորները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դպրոցի բացմանը հայտարարեց Ռուբեն Վարդանյանը (ֆոտոռեպորտաժ

«Ինչպես Սովետական Միության շրջանում ապրած մարդ՝ ձեզ ուզում եմ ասել, որ նախ եւ առաջ պետք է փորձել փոխել ինքդ քեզ։ Սովետական համակարգում երեք սկզբունք կար՝ մի հավատա, մի վախեցիր եւ մի խնդրիր։ Դա ճիշտ չէ, հակառակը՝ պետք է հավատալ երազանքին, պետք է հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, պետք է հավատալ, որ դու կարող ես փոխել աշխարհը, պետք է հավատալ այն ամենին, ինչը քո ուժերի սահմանում է։ Մի վախեցիր սխալներ անելուց, մի վախեցիր ինչ-որ բան անել եւ սխալվելով առաջ գնա։ Դու պետք է չվախենաս օգնություն խնդրել ընկերներից ու հարազատներից, որովհետեւ միասին կարելի է ինչ-որ մի բանի հասնել։ Այսօրվա մեր տոնը հենց նրա արդյունքն է, որ մենք հավատացել ենք, չենք վախեցել եւ օգնություն ենք խնդրել ձեր բոլորից»,- ասաց Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ դպրոցը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Դիլիջան քաղաքի, այլեւ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի վրա։

Գործարարը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակցողներին, մասնավորապես իր կնոջը, Վերոնիկա Զոնաբենդին. «Հուսով եմ, որ իմ մտերիմները, կոլեգաներն ինձ կներեն, որոնք օր ու գիշեր աշխատել են ինձ հետ, բայց ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ կնոջը, որ ես ունեմ այսպիսի ընտանիք, այսպիսի թիկունք»։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Դիլիջանի դպրոցը կգրանցի նույնպիսի հաջողություն, ինչպիսին իրենց ֆինանսավորմամբ իրականացրած մեկ այլ նախագծի՝ Տաթեւի ճոպանուղու կառուցման դեպքում։ Ինչպես նա նշեց, իրենց հաշվարկները ցույց են տվել, որ մինչեւ ճոպանուղու գործարկելը Տաթեւի վանք այցելուների թիվը տարեկան չէր գերազանցում 4 հազարը, իսկ ճոպանուղու գործարկումից 4 տարի անց նրանց թիվը հասել է 150 հազարի։