Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դատական նիստն ընթացել է հնդկական կինոյի մոտիվներով։

ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի կողմից միջին  ծանրության վնասվածք  պատճառելու մեղադրանքով դատական նիստից առաջ մեղադրյալի եւ տուժողի միջեւ վեճ տեղի ունեցավ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստերի դահլիճում ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե ինքը կարող է թվարկել Արթուր Զադոյանի որդու կատարած հանցագործությունները։

«Ասում է՝ ժուռնալիստներին բերեմ, ահաբեկեմ, որ փողս չի տվել։ Մեռնես էլ, տղեդ է փողը տալու, հիշի, եթե մյուս անգամ սենց բաներ հայտարարես, տղուդ քրեական գործերն եմ հայտարարելու ժուռնալիստներին, տղեդ կալանավորվելու է, քեզ զգուշացնում եմ արդեն բացահայտ ձեւով»,- մեղադրյալին դիմեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Արթուր Զադոյանն արձագանքեց՝ ասելով որ ԲՀԿ-ական պատգամավորը «գլուխը մտցրել է աղբամանի մեջ, ու ինչքան զիբիլ կա, հանում է»։

«Լսի աղբամանը դու ես, տականք, այ վիժվածք, էդքան տղա ես, խոսալ գիտե՞ս»,-վրդովվեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Զադոյանի բարեկամներն իրեն «խնդրել, աղաչել են», որ բողոք չներկայացնի։

Այդ պահին դատարանի դահլիճ մտավ Կարո Կարապետյանի վարորդ Օնիկ Հովհաննիսյանը, որը հայտարարեց, որ ինքն է իրականում Արթուր Զադոյանի որդու հայրը։ Նշենք, որ ըստ Կարո Կարապետյանի, նախաքննության ընթացքում մեղադրյալը քննիչներին ասել է, որ ինքը կապ է ունեցել Օնիկ Հովհաննիսյանի կնոջ հետ։ Ամբաստանյալը, սակայն, հերքում է այս տեղեկությունը։

 «Դե, որ Արթուրը հայտարարում է, որ քո կնոջ հետ է կենակցել խալաթը վրեն, Օնիկ, ուրեմն, դու էլ նրա կնոջ հետ ես կենակցել»,- նկատեց Կարո Կարապետյանը։

Նիստերի քարտուղարը նկատողություն արեց կողմերին եւ կոչ արեց հանդարտվել։

Դատավոր Թաթուլ Պողոսյանը կողմերի համաձայնությամբ որոշեց դատական քննության կարգը. սկզբում կհարցաքննվի տուժողը, հետո վկաները, այնուհետեւ կհետազոտվեն գործով առկա ապացույցները։

Այժմ ցուցմունք է տալիս Կարո Կարապետյանը։ Նշենք, որ նա դատարան է գնացել մոտ տասը թիկնապահների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։